Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Փաշինյան. Փանիկում տեղի ունեցածը սադրանք է ընդդեմ հայ–ռուսական բարեկամական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության

19.07.2018, 13:00
Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը։
Փաշինյան. Փանիկում տեղի ունեցածը սադրանք է ընդդեմ հայ–ռուսական բարեկամական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. Այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը և նշել, որ տեղի ունեցածը սադրանք է հայ–ռուսական բարեկամական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության դեմ։

Հուլիսի 17–ին ռուսական 102–րդ ռազմակայանի զինծառայողները զորավարժություններ են անցկացրել Շիրակի մարզի Փանիկ գյուղում` վախեցնելով տեղացիներին ոչ մարտական փամփուշտներով արձակված կրակոցներով։ Նախօրեին ռուսական կողմը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։

«Փանիկ գյուղում տեղի ունեցածն անթույլատրելի միջադեպ է, և ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և սադրանք՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության։ Մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն», – հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ դեռ խնդիր կա՝ հասկանալու, թե ինչ ընթացակարերով պետք է հետաքննվի այս միջադեպը։

«Պետք է պարզաբանվեն կետերը, որոնք վերաբերում են միջպետական պայմանագրերի ու Հայաստանի օրենսդրությանը։ Գիտեմ, որ ոստիկանությունում արդեն համապատասպխան նյութեր են նախապատրաստվում, և հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի», – նշեց Փաշինյանը։

Չորեքշաբթի`հուլիսի 18–ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովի, ՀՀ-ում ՌԴ ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևի և ՀՀ-ում ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ քննարկել է ՌԴ զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները: 

ՀՀ պաշտպանության նախարարը պահանջել է ներկայացնել մանրամասն տեղեկատվություն տեղի ունեցածի կապակցությամբ:

ՌԴ 102-րդ ռազմակայանի հրամանատարը զեկուցել է միջոցառման բնույթի, պլանավորման և իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: 

Մասնավորապես, ըստ գնդապետ Ելկանովի զեկույցի՝ միջոցառումն ընդգրկված է եղել հայկական կողմի հետ նախապես համաձայնեցված, ՌԴ 102-րդ ռազմակայանի 2018թ. մարտական պարտաստության ծրագրում, որի վերաբերյալ բազայի հրամանատարությունը համապատասխան կարգով իրազեկել է ՀՀ իրավասու մարմիններին:–0–