Փաշինյան–Ալիև հանդիպումն ինքնանպատակ չէ. Բալայան
31.07.2018,
15:38
Պետք է առաջնորդվել այն տրամաբանությամբ, որ հանդիպումը պետք է լինի բովանդակալից:
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումն ինքնանպատակ չէ, երեքշաբթի ճեպազրույցին հայտարարեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
«Պետք է առաջնորդվել այն տրամաբանությամբ, որ հանդիպումը պետք է լինի բովանդակալից։ Բովանդակություն կարող է դառնալ նոր համաձայնագրերի կնքումը կամ նախկին համաձայնագրերի հաստատումը, մասնավորապես, որոնք ձեռք են բերվել Վիեննայի, Սանկտ Պետերբուգի և Ժնևի գագաթնաժողովների արդյունքներով», – ասաց Բալայանը։
Ըստ նրա, դա հնարավորություն կստեղծի առաջընթաց գրանցել խաղաղ կարգավորման գործընթացում։
«Մենք հաստատում ենք, որ Բրյուսելում ձեռք է բերվել նման պայմանավորվածություն, դրանից հետո համանախագահների կողմից առաջարկ է եղել` կազմակերպել հանդիպում, սակայն մինչ այժմ չկա վերջնական որոշում` հանդիպման ժամկետների ու անցկացման վայրի մասին։–0–