Рейтинг@Mail.ru
USD
366.74
EUR
417.72
RUB
4.7266
GEL
139.31
2026 թ. հուլիսի 15, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+32

Խորհրդարանականների մեծամասնությունը ձախողել է ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը

13.11.2013, 13:12
ՀՀ ԱԺ պատգամավորների մեծ մասը չորեքշաբթի նիստի ժամանակ ձախողել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին» օրենքի օրինագծի քվեարկությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Խորհրդարանականների մեծամասնությունը ձախողել է ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ պատգամավորների մեծ մասը չորեքշաբթի նիստի ժամանակ ձախողել է «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության կողմից ներկայացված «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման մասին» օրենքի օրինագծի քվեարկությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Օրինագծի քվեարկությունը բոյկոտել է խորհրդարանի խմբակցությունների մեծ մասը, մասնավորապես` Հայաստանի հանրապետական կուսակցության և ՕԵԿ–ի կոալիցիոն խմբակցությունները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, ինչպես նաև «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր խմբակցությունը։

Արդյունքում, օրինագծին կողմ է քվեարկել նիստին ներկա գտնվող 109 պատգամավորից 10 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել։

Օրինագիծը Արցախի դե–ֆակտո գոյություն ունեցող կարգավիճակի իրավաբանական ճանաչում է նախատեսում` ելնելով այն բանից, որ ԼՂՀ–ն բավարարում է միջազգային օրենսդրության կողմից ինքնավար պետություններին ներկայացվող բոլոր պահանջներին։

Փաստաթղթով կարգավորվում են Հայաստանի կողմից ԼՂՀ–ի ճանաչման արդյունքում ձևավորվող հարաբերությունները, ճշտվում են Հայաստանի իրավունքներն ու պարտավորությունները Արցախի անվտանգության ապահովման և ամրապնդման, Հայաստանի ազգային շահերի պաշտպանության, Ղարաբաղի հետկոնֆլիկտային վերականգնման հարցում Երևանի մասնակցության գործում։

«Ժառանգություն» խմբակցությունը բազմաթիվ անգամ նախաձեռնել է խորհրդարանում այս օրինագիծը քննարկումը։ Սակայն ամեն անգամ խորհրդարանական մեծամասնությունը ձախողել է քվեարկությունը` նշելով Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացի շարունակության համատեքստում այդ փաստաթղթի ժամանակավրեպ լինելը։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչև այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-