Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՔՊ–ն հաղթել է քաղաքապետի ընտրություններում 4 խոշոր քաղաքներից 2–ում. նախնական արդյունքներ

22.10.2018, 11:34
Հայտնի են նախօրեին Հայաստանի 49 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։
ՔՊ–ն հաղթել է քաղաքապետի ընտրություններում 4 խոշոր քաղաքներից 2–ում. նախնական արդյունքներ

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայտնի են նախօրեին Հայաստանի 49 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։

Չորս խոշոր քաղաքներում` Հրազդանում, Արմավիրում, Էջմիածնում և Կապանում, տեղի են ունեցել քաղաքապետի ընտրություններ։ Նախնական տվյալներով, Արմավիրում և Էջմիածնում հաղթել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցության` «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուները, Հրազդանում հաղթել է նույն կուսակցության թեկնածուն, ով եղել է ինքնառաջադրված, իսկ Կապանում հաղթել է անկուսակցական թեկնածուն։

Նախնական տվյալներով, Հրազդանի քաղաքապետ է դարձել պատգամավոր, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի որդին` Սևակ Միքայելյանը, ով ևս ՔՊ–ի անդամ է։ Նրա օգտին քվեարկել է 10 681 մարդ։ Միքայելյանի մրցակիցը` Լևոն Ստեփանյանը, հավաքել է 4819 ձայն։

Արմավիրում, նախնական տվյալներով, հաղթել է Դավիթ Խուդաթյանը, ով հավաքել է 6693 ձայն։ Նրա մրցակցի` Օհան Հարությունյանի օգտին քվեարկել է 1626 մարդ։

Էջմիածնում, նախնական տվյալներով, հաղթել է ՔՊ–ի թեկնածու Դիանա Գասպարյանը, ով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Նրա օգտին քվեարկել է 8076 մարդ։ Գասպարյանի մրցակից Սուրեն Մուրադյանը ստացել է 3699 ձայն։

Իսկ Կապանում հաղթել է անկուսակցական Գևորգ Պողոսյանը (10 507 ձայն)։ ՔՊ թեկնածու Նարեկ Բաբայանը ստացել է 8 499 ձայն։

Հոկտեմբերի 21–ին Հայաստանի 49 համայնքներում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրություններ են անցկացվել, մասնավորապես, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում։–0–