Շարմազանովը հայտարարել է, որ Փաշինյանի հետ որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
Նախօրեին` հոկտեմբերի 2–ին, ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմամարդ հանրահավաք կազմակերպեց, որի ժամանակ հայտարարեց, որ աշխատանքից ազատում է ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին։ Փաշինյանը նաև նշեց, որ նախարարների` աշխատանքից ազատման դիմումների դե–յուրե ուժի մեջ մտնելուց հետո նա հրաժարական կտա։
Ավելի ուշ նա գնաց խորհրդարան` բանակցելու խմբակցությունների ներկայացուցիչների հետ։ Փաշինյանի խոսքով, ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն այն մասին, որ ԲՀԿ, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի թեկնածու չեն առաջադրի, և խորհրդարանը կարձակվի, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերի առաջին կեսից ոչ ուշ։
«Հիմնականում դա այդքան էլ բանակցություններ չէին, որքան վարչապետը եկել էր իրազեկելու իր կարծիքի մասին, որովհետև բանակցություններ սովորաբար լինում են այն դեպքում, երբ լինում է փոխզիջում, երբ լինում է մեկը մյուսին լսելու ցանկություն կամ երկխոսություն»,– նշել է Շարմազանովը «Ժողովուրդ»–ին տված հարցազրույցում։
Նշելով, որ հանդիպմանը մասնակցել են չորս խմբակցությունների պատգամավորները, ինչպես նաև կառավարության ներկայացուցիչները` Շարմազանովն ընդգծեց, որ գլոբալ առումով որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
«Միայն ձեռք ենք բերել մի պայմանավորվածություն, որ քննարկենք։ Մենք` պատգամավորներս, մտահոգված ենք իրավիճակով, և մեր թիմի նպատակն է, որպեսզի մեր երկիրը չտանենք ցնցումների», – ասել է Շարմազանովը` հավելելով, որ օրենսդիր մարմնի անկախությունը պետք է ապահովվի։
Շարմազանովի խոսքով, դժգոհության ալիք բարձրացրած օրենքի ընդունումը որևէ կապ չունի արտահերթ ընտրությունների սահմափակման հետ։
«Այս օրենքի ընդունումը միտված չի եղել խոչընդոտել երկրում արտահերթ ընտրությունների անցկացումը։ Այս օրենքի ընդունումը միտված է եղել ԱԺ–ի բնականոն աշխատանքն ապահովելուն», – հայտարարել է Շարմազանովը։
«ՀՀԿ խմբակցությունը հնարավորություն է տվել և օժանդակել է, որ կառավարության ծրագիրն ընդունվի, և կառավարության ծրագրում հստակ նշված է մինչև 1 տարի ժամանակ` արտահերթ ընտրությունների անցկացման համար։ Վարչապետն էլ իր եթերներից մեկում, նշել էր մայիս–հունիս ամիսները», – ասել է Շարմազանովը։
Վերադառնալով վարչապետի հետ բանակցությունների թեմային` ԱԺ փոխխոսնակը ևս մեկ անգամ նշել է, որ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։
«Որևէ բան չենք որոշել։ Վարչապետի առաջարկությունները պարզ են մեզ բոլորիս, մեր դիրքորոշումն էլ է պարզ։ Կարծում եմ` ճիշտ կլինի էլի նստել, քննարկել։ Հիմնական պայմանավորվածություն կոնկրետ ժամկետի վրա` դեկտեմբեր ամսվա վրա, ձեռք չի բերվել։ Սա է եղել քաղաքական ուժերի հիմնական տարաձայնությունը։ Տարբեր քաղաքական ուժեր տարբեր բաներ են առաջարկել», – ընդգծել է Շարմազանովը։
«Երբ դու գալիս ես բանակցությունների, չպիտի խոսես ուլտիմատումով։ Կոնկրետ որևէ պայմանավորվածության չեկանք, բացառությամբ մի պայմանավորվածության, որ կարիք կա քննարկելու։ Կոնկրետ ես մնացել եմ իմ կարծիքին, վարչապետը մնացել է իր կարծիքին, տարբեր քաղաքական ուժեր իրենց կարծիքն են առաջարկել։ Բայց միակ կարծիքն այն է, որ չի կարելի երկիրը տանել ցնցումների, և պետք է հարգել Սահմանադրությունը, պետք է հարգել իշխանությունների տարանջատման սկզբունքը», – եզրափակել է Շարմազանովը։–0–