Ադրբեջանն իր ագրեսիվ պլաններն իրագործելու խնդիրներ կարող է ունենալ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ սա կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանին։ Այս մասին այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի ընթացքում:
Նախագիծը ներկայացնելու ժամանակ Փաշինյանը նշեց, որ վերոնշյալ փաստը պոտենցիալ երկու մտահոգություն կարող է բերել Ադրբեջանին։
«Առաջինը, եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի կատմամբ, դա կարող է ստեղծել ընկալումներ, որ այդ տասնյակ միլիարդ դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի։ Բայց կա նաև հակադարձը, որ եթե Ադրբեջանն ագրեսիվ մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ էդ դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար»,-պարզաբանեց ՀՀ վարչապետը։
Նրա խոսքով՝ այդպիսով Ադրբեջանն իր ագրեսիվ պլաններն իրագործելու խնդիրներ կարող է ունենալ։
«Եթե Ադրբեջանի խորքային մտահոգությունն առաջինն է, դա փարատելի է, որովհետև Հայաստանը բարձրագույն մակարդակով իր իրականացրած քաղաքականություններով արձանագրում է, որ մենք որևէ ագրեսիվ նկատառում չունենք»,- նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և պատրաստ է դրա վերաբերյալ դե յուրե պարտավորություններ ստանձնել։
«Ավելին՝ Հայաստանն արձանագրել է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները վերադարձնելու առումով ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացում մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ այդ գործընթացը տեղի ունենա իրավական, օրինական հենքերի վրա»,- հավելեց Փաշինյանը։