Рейтинг@Mail.ru
USD
368.06
EUR
426.84
RUB
5.0357
GEL
138.76
2026 թ. հունիսի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Ստոկհոլմի արբիտրաժն ամբողջությամբ բավարարել է Հայաստանի միջնորդությունը ՀԷՑ-ի գործով

Այսօր, 16:13
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2026 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է վարույթի երկատման Հայաստանի միջնորդությունը` Liormand Holdings Limited ընկերությունը և Կարապետյաններն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային գործով
Ստոկհոլմի արբիտրաժն ամբողջությամբ բավարարել է Հայաստանի  միջնորդությունը ՀԷՑ-ի գործով

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2026 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է վարույթի երկատման Հայաստանի միջնորդությունը` Liormand Holdings Limited ընկերությունը և Կարապետյաններն ընդդեմ Հայաստանի արբիտրաժային գործով:

Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ, Հայաստանը ներկայացրել էր փաստարկներ, որոնցով հիմնավորել է, որ արբիտրաժային տրիբունալի կողմից գործի քննության իրավազորությունը բացակայում է։ Միջազգային տրիբունալը բավարար հիմքեր է տեսել Հայաստանի Կառավարության ներկայացված բոլորը փաստարկները վարույթի նախնական փուլում առանձին քննության առարկա դարձնելու համար։

ՀՀ կառավարության հայտարարության համաձայն՝ Հայաստանի էական փաստարկներից է այն, որ Կարապետյանները չեն բավարարում համապատասխան միջազգային համաձայնագրով ամրագրված «ներդրող» հասկացության պահանջներին, ինչպես նաև խախտել են այդ համաձայնագրի 9(2)-րդ հոդվածի պահանջները։

Կառավարությունից հայտնել են, որ այս կարևոր որոշումը հնարավոր է դարձնում, որ միջազգային տրիբունալը շատ ավելի վաղ փուլում քննարկի իրավազորության հարցերը և ամբողջությամբ մերժի Հայաստանի դեմ ներկայացված բոլոր պահանջները:

ՀԷՑ-ի մասին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը՝ սպասարկելով մոտ 1 մլն բաժանորդի։ 2016 թ․-ից ՀԷՑ-ի սեփականատերը «Տաշիր» ընկերությունների խումբն է, որը միայն ընկերության արդիականացման համար ներդրել է մոտ 680 մլն դոլար, ևս մոտ 150-200 մլն դոլար ներդրվել է նոր հզորությունների ստեղծման համար։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է 2025 թ․-ի հունիսի 18-ին, դեկտեմբերի 30-ից նրա նկատմամբ գործում է խափանման միջոց՝ տնային կալանք և գրավ։ Նա մեղադրվում է երեք դրվագով՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» (Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական Եկեղեցուն սատարելու մասին իր խոսքերից հետո), առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և փողերի լվացման համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։