Բոլոր կողմերը ջանքեր են գործադրում ԼՂ–ում կրակը չվերսկսելու ուղղությամբ. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Բոլոր կողմերը ջանքեր են գործադրում Լեռնային Ղարաբաղում կրակը չվերսկսելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Բոլորը ջանքեր են գործադրում, որպեսզի կրակը դադարի և չվերսկսվի», - ասել է Լավրովը լրագրողներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով:
ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա, 6 անօդաչու սարք։ Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:
Հայկական կողմը կորցրել է 7 տանկ, ունի 20 զոհ, 72–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 26–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
16:46 05.04.2016