ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունն իր երախտագիտությունն է հայտնել հակահայ բանաձևերի դեմ քվեարկած պատգամավորներին
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի–Արմենիա/. ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամներն իրենց երախտագիտություն ենք հայտնել ԵԽԽՎ այն պատվիրակներին, ովքեր ցուցաբերել են սկզբունքային դիրքորոշում ու ԼՂ հիմնահարցի քաղաքական կարգավորման գործընթացի լիակատար ըմբռնում երկու բանաձևերի քվեարկության ժամանակ և իրենց վճռական դիրքորոշմամբ մերժել Ռոբերտ Ուոլթերի՝ ԼՂ կարգավորման համար վտանգավոր զեկույցը, ասված է նրանց հայտարարությունում, որ տարածել է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մեկնարկած հունվարյան նստաշրջանը 98 կողմ, 71 դեմ և 40 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Միլիցա Մարկովիչի հեղինակած հակահայ՝ «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկված են ջրից» վերնագրով զեկույցը: Միաժամանակ, ԵԽԽՎ-ում 66 «կողմ» 70 «դեմ» և 45 «ձեռնպահ» ձայներով և ծափահարություններով չընդունեց Ռոբերտ Ոուլթերի `«Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը:
ԵԽԽՎ-ի կողմից խնդրահարույց բանաձևերի քվեարկության առնչությամբ, Հայաստանի պատվիրակության հայտարարությունում նաև ասվում է.«Հարցի առնչությամբ հայկական կողմը նախապես իրականացրել էր համապատասխան աշխատանք, այդ թվում՝ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ պատվիրակների հետ ու ներկայացրել իր դիրքորոշումներն ու մտահոգությունները բանաձևերում տեղ գտած ձևակերպումների առնչությամբ, որոնք համահունչ չէին միջազգային հանրության ու, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի կողմից արտահայտած դիրքորոշումներին ու հայտարարություններին:
Բանաձևերը մեծապես խեղաթյուրում էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատմությունն ու էությունը և անթույլատրելիորեն միջամտում խաղաղ կարգավորման գործընթացին, ինչի մասին են վկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. հունվարի 22-ի ու ավելի վաղ արված մյուս հայտարարությունները, ինչպես նաև լիագումար նիստում բազմաթիվ պատվիրակների ելույթները:
Խորհրդարանական վեհաժողովի անդամները, ըմբռնելով պահի պատասխանատվությունը, քվեարկության արդյունքում մերժեցին Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» տխրահռչակ բանաձևը:
Ինչ վերաբերում է Սարսանգի վերաբերյալ բանաձևին. ԵԽԽՎ մի շարք պատգամավորներ, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, դրսևորելով միակողմանի մոտեցում, քվեարկեցին դրա ընդունման օգտին՝ այդպիսով հումանիտար-տեխնիկական բնույթի զեկույցին տալով քաղաքական բովանդակություն»:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
18:25 26.01.2016