Հայ հասարակությունը կարևորագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում. ՀՀ վարչապետ

Հայ հասարակությունը կարևորագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Վարչապետը շնորհավորել է տիկին Միյատովիչին՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել: 

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վերջին ամիսների ներհայաստանյան քաղաքական իրադարձություններին, նշել է, որ հայ հասարակությունը կարևորագույն փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում:

Թավշյա հեղափոխությունից հետո կառավարության նախաձեռնած բարեփոխումները, ՀՀ վարչապետի խոսքով, ուղղված են մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության կայացման, ժողովրդավարության զարգացման ոլորտներում առաջընթացի նոր մակարդակի ապահովմանը, որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների մասնակցության և դերակատարության բարձրացմանը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է այս գործընթացներում ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը:

Դունյա Միյատովիչը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին ընդունելության համար, նշել է, որ հետևել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և ողջունելի է դրանց խաղաղ հանգուցալուծումը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր երկրում հասարակական-քաղաքական կյանքում կանանց մասնակցության հարցի շուրջ: Վարչապետը նշել է, որ կանայք կարևոր դերակատարություն են ունեցել և շարունակում են ունենալ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներում, ինչը ևս նպաստել է հեղափոխության թավշյա և ոչ բռնի ընթացքին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը կարևորում և խրախուսում է կանանց ակտիվ ներգրավվածությունը քաղաքական կյանքում և կառավարման համակարգում: 

Կողմերը քննարկել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին քաղաքացիական հասարակության զարգացմանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանությանը, ընթացիկ ներքաղաքական զարգացումներին և այլն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

10:12 20.09.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×