Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Հայաստանը չի ծրագրում Թուրքիային արտոնություններ տրամադրել ՄՄ–ին անդամակցելու շրջանակներում, Վրաստանի և Իրանի հետ համաձայնագրերը կպահպանվեն. էկոնոմիկայի նախարարություն

18.02.2014, 16:18
Հայաստանը չի ծրագրում Թուրքիային արտոնություններ տրամադրել ՄՄ–ին անդամակցելու շրջանակներում, Վրաստանի և Իրանի հետ համաձայնագրերը կպահպանվեն, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
Հայաստանը չի ծրագրում Թուրքիային արտոնություններ տրամադրել ՄՄ–ին անդամակցելու շրջանակներում, Վրաստանի և Իրանի հետ համաձայնագրերը կպահպանվեն. էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը չի ծրագրում Թուրքիային արտոնություններ տրամադրել ՄՄ–ին անդամակցելու շրջանակներում, Վրաստանի և Իրանի հետ համաձայնագրերը կպահպանվեն, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

Նա նշեց, որ Հայաստանը և Թուրքիան չունեն ոչ մի երկկողմ իրավական փաստաթուղթ, ինչի պատճառով հաճախ երկկողմ առևտրի հետ կապված հարցեր են առաջանում, մասնավորապես, չեն ընդունվում ապրանքների փաստաթղթեր։

Նրա խոսքով` ՄՄ–ն որպես կառույց Թուրքիայի հետ ունի որոշակի առևտրային ռեժիմ, և կանոնակարգի համաձայն, Թուրքիային հատկացվել է GSP համակարգ, որը ենթադրում է մի փոքր ավելի ցածր մաքսատուրք` սովորական գործող տոկոսադրույքի համեմատ։

«Մեզ համար շահավետ չէ Թուրքիայի նկատմամբ նվազեցրած դրույքաչափերի կիրառումը, հատկապես սպառողական ապրանքների գծով։ Հայաստանը պետք է շարունակի Թուրքիայի նկատմամբ լիարժեք տոկոսադրույքներ կիրառել»,– ասաց Մելքոնյանը։

Ըստ նրա, Հայաստանի կողմից Թուրքիային ՄՄ շրջանակներում մաքսային արտոնությունների տրամադրման հարցն այս պահին Մաքսային միության հետ քննարկումների օրակարգում է։

Ինչ վերաբերում է հարևան երկրների հետ առևտրային փոխհարաբերություններին, ապա, փոխնախարարի խոսքով, Իրանի հետ հարցերը լուծվում են երկկողմ համաձայնագրերի ձևաչափով, և ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունից հետո վատացումներ չեն սպասվում, քանի որ ՄՄ մյուս անդամ–երկրները երկկողմ պայմանագրեր ունեն Թեհրանի հետ։

Խոսելով Վրաստանի մասին` Մելքոնյանը հայտնեց, որ երկրների միջև գոյություն ունի ազատ առևտրի ստորագրված և գործող համաձայնագիր, ինչը թույլ է տալիս մաքսատուրքեր չկիրառել։

«Նմանատիպ համաձայնագիր է գործում նաև ՄՄ այլ անդամ–երկրների հետ, և այդ համաձայնագիրը դադարեցնելու առիթ չկա։ Անդամակցումից հետո մենք կշարունակենք գործող ռեժիմը Վրաստանի հետ, ինչը շահավետ է մեր տնտեսության համար»,– ասաց փոխնախարարը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը հաստատվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։

ՀՀ կառավարությունը փետրվարի 3–ին հրապարակել է ՄՄ–ին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը» հայերեն լեզվով։ Փաստաթուղթը, որը կոչվում է «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույց», բաղկացած է 249 էջից և ներառում է 262 միջոցառում։–0– -