ԼՂՀ խորհրդարանի խոսնակը Վաշինգտոնում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Վաշինգտոնում տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոռլիկի հետ, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Արցախի խորհրդարանի նախագահը Վաշինգտոն է ժամանել նախօրեին՝ մի շարք քաղաքական, հասարակական հանդիպումների և միջոցառումների մասնակցելու նպատակով:
Ամերիկացի համանախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև կարգավորման գործընթացի ներկա փուլն ու հեռանկարները:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային մի շարք խնդիրների և կարևորել խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչև այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
17:26 03.12.2013