Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Սկանդալ ԱԺ–ում. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը

20.12.2017, 13:23
Այսօր քվեարկությունն Ազգային ժողովում վերաճեց սկանդալի, ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը։
Սկանդալ ԱԺ–ում. ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօր քվեարկությունն Ազգային ժողովում վերաճեց սկանդալի, ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը ԱԺ–ից։

ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ պետք է քվեարկեր նախօրեին քննարկված օրինագծերով, մասնավորապես, Դատական օրենսգրքում նախատեսված փոփոխություններով, սակայն քվեարկության ընթացքում պատգամավորների միջև վեճ ծագեց։

«Ելք» ու «Ծառուկյան» ընդդիմադիր խմբակցությունները, որոնք դեմ էին փոփոխություններին` նշելով, որ դրանք զրկում են քաղաքացիներին հասանելի դատավարության իրավունքից, կոչ էին անում իրենց գործընկերներին չմասնակցել քվեարկությանը։

Սակայն քվեարկության արդյունքում անհրաժեշտ 63 ձայներից փաստաթղթի ընդունմանը «կողմ» քվեարկեց 61 պատգամավոր։ Դրանից հետո ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով չի կարողացել քվեարկել պատգամավոր Ռուստամ Մահմուդյանը, ով ևս կողմ է օրինագծի ընդունմանը, իսկ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, ով այս պահին հանրապետությունում չէ, իր դրական եզրակացությունն է թողել օրինագծի վերաբերյալ, ինչի կապակցությամբ հավաքվում է ձայների անհրաժեշտ քանակն ու փոփոխությունները համարվում են ընդունված։

Ընդդիմադիր պատգամավորներն, ի պատասխան Բաբլոյանի հայտարարությանը, պահանջեցին անցկացնել կրկնակի քվեարկություն։ Սակայն չնայած ընդդիմադիրների հայտարարությանն ու խմբակցությունների ներկայացուցիչների ընդհանուր վեճին, Բաբլոյանը որոշեց շարունակել նիստը` փորձելով քվեարկության ներկայացնել հաջորդ օրինագիծը։

Դրան ի պատասխան` «Ելք» դաշինքի ներկայացուցիչները սկսեցին հարվածել սեղաններին` խանգարելով խոսնակին ելույթ ունենալ և ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը։

«ՀՀԿ–ն ակնհայտ կեղծիքով «սղցրեց» սահմանադրական կոչվող օրենքը, ինչը ցույց է տալիս, որ ընդդիմության հետ աշխատելու պատրաստակամության մասին հայտարարությունները հերթական կեղծիքն են։ Այս պահին մենք դուրս ենք գալիս, որպեսզի այս կոմեդիա–քվեարկությանը չմասնակցենք», – հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր գործընկերներին աջակցեցին «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչները, ովքեր ևս լքեցին նիստերի դահլիճը։ Դրանից հետո քվեարկությունն անցկացվում էր միայն իշխող ՀՀԿ–ի և նրանց կոալիցիոն գործընկեր «Դաշնակցություն» խմբակցության մասնակցությամբ։

Դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով, նախատեսվում է ստեղծել Երևանի առաջին ատյանի միասնական դատարան, որը կհավաքի բոլոր գործերն ու հետո կուղարկի առաջին ատյանի համայնքային դատարաններ։ Փոփոխությունների հեղինակների գնահատականներով, նման մոտեցումը թույլ կտա ապահովել արդար դատավարություն, ինչի արդյունքում գործերը կքննվեն խելամիտ ժամկետներում։

Հաշվի առնելով, որ Դատական օրենսգիրքը երկրի հիմնական սահմանադրական օրենքներից մեկն է, օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար պահանջվում է ապահովել պատգամավորների ձայների 3/5–ը։–0–