Որքան շուտ Փաշինյանն ու նրա թիմը գիտակցեն, որ իշխանությունը ծանր բեռ է, այնքան ավելի լավ. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ փոխխոսնակ , ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում հայտարարել է, որ որքան շուտ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը գիտակցեն, որ իշխանությունը ծանր բեռ է, այնքան ավելի լավ։
«Դժվար է գնահատել վարչապետի աշխատանքը` հիմնվելով Facebook–ում նրա ուղիղ եթերների վրա։ Մի բան է լինել ընդդիմադիր, հրապարակում ասել մարդկանց ականջը շոյող խոսքեր, մեկ այլ բան է կրել երեք միլիոնանոց պետության պատասխանատվության բեռը», – ասել է Շարմազանովը։
Նա նաև նշել է, որ դժվար է լինել մի երկրի ղեկավար, որտեղ մարտահրավերներն ու խնդիրներն ավելի շատ են, քան ռեսուրսները։
«Իմ պատկերացմամբ վարչապետը չունի այն հնարավորությունները, գիտելիքներն ու հմտությունները, որպեսզի լավ կատարի գործադիր իշխանության ղեկավարի գործառույթները։ Կցանկանայի, որպեսզի իմ համոզմունքները սխալ լինեին, սակայն միայն ժամանակը ցույց կտա` ով է ճիշտ, իսկ ով է սխալվում իր գնահատականներում», – հայտարարել է Շարմազանովը։
Միաժամանակ նա նշել է, որ ՀՀԿ–ն չի պատրաստվում արհեստականորեն սաբոտաժի ենթարկել Փաշինյանի կառավարության գործունեությունը։ Կուսակցության ներկայացուցիչները կդիտարկեն այն նախաձեռնությունները, որոնք կառաջարկեն Փաշինյանի կառավարության անդամները, ինչպես նաև գործադիր մարմնի ծրագիրը։
«Մենք իրավունք չունենք վարվել այնպես, ինչպես վարվում էր ընդդիմությունը մեր իշխանության տարիներին», – հայտարարել է Շարմազանովը։–0–