Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանի ԱԺ–ն կոչ է արել աշխարհի բոլոր խորհրդարաններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը

21.04.2015, 13:03
Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի արտահերթ նիստում միաձայն ընդունել է հայտարարություն, որում կոչ է անում աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին և միջազգային կազմակերպություններին ճանաչել և ընդունել Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը։
Հայաստանի ԱԺ–ն կոչ է արել աշխարհի բոլոր խորհրդարաններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը երեքշաբթի արտահերթ նիստում միաձայն ընդունել է հայտարարություն, որում կոչ է անում աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին և միջազգային կազմակերպություններին ճանաչել և ընդունել Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանությունը։

Ինչպես հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության խորհրդարանական թղթակիցը, փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 113 պատգամավոր։

Ինչպես նշվում է հայտարարության տեքստում, Հայաստանի Ազգային ժողովը, հիմք ընդունելով ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի` 1948 թվականի դեկտեմբերի 9–ի «Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման մասին» կոնվենցիան, Հայկական ԽՍՀ–ի Գերագույն խորհրդի` 1988 թվականի նոյեմբերի 22–ի «Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը, նշանակություն տալով «Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի համահայկական հռչակագրին» և մարդկության դեմ հանցագործության դեմ պայքարում հայ ժողովրդի և միջազգային հանրության համատեղ ավանդին, երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների խորհրդարաններին և Ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքներ ընդունած երկրներին, կոչ է անում բոլոր երկրների և ժողովուրդների խորհրդարաններին ճանաչել և քննադատել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ կատարած հանցագործություն։

Փաստաթղթի հեղինակներն են` պատգամավոր Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն» խմբակցություն), Վահե Էնֆիաջյանը («Բարգավաճ Հայաստան»), Արտակ Զաքարյանը, Կորյուն Նահապետյանը, Նաիրա Կարապետյանը, Արտաշես Գեղամյանը (Հայաստանի հանրապետական կուսակցություն), Մհեր Շահգելդյանը («Օրինաց Երկիր»), Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) և ուրիշներ։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—