Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+13

ԱՄՆ–ն կրճատում է Հայաստանում մի շարք ծրագրերի ֆինանսավորումը. դեսպան

15.04.2015, 18:23
ԱՄՆ կառավարությունը, հաշվի առնելով միջազգային մի շարք խնդիրները, որոշում է ընդունել կրճատել եվրոպական մի քանի երկրներում և Հայաստանում իրագործվող ծրագրերի ֆինանսավորումը, ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հայկական կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ–ն կրճատում է Հայաստանում մի շարք ծրագրերի ֆինանսավորումը. դեսպան
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ կառավարությունը, հաշվի առնելով միջազգային մի շարք խնդիրները, որոշում է ընդունել կրճատել եվրոպական մի քանի երկրներում և Հայաստանում իրագործվող ծրագրերի ֆինանսավորումը, ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հայկական կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, Միլսն ընդգծել է, որ դա որևէ կերպ պայմանավորված չէ համատեղ ծրագրերի արդյունավետությամբ կամ հայ-ամերիկյան ամուր հարաբերություններով, որոնք գտնվում են բարձր մակարդակի վրա:

Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունն՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, ինչպես նաև համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանը:

Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը տարբեր ոլորտներում մեր երկրին ցուցաբերվող շարունակական աջակցության համար:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Դեսպան Միլսը, կարևորելով Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը, նշել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է գյուղատնտեսության, էներգետիկայի, զբոսաշրջության ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական արժեքների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանդիպմանը ներկա գտնված ԱՄՆ միջազգային զարգացման հայկական գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդն իր հերթին նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ի համար շարունակում է գերակա մնալ Հայաստանի կառավարման համակարգի, փոքր ու միջին բիզնեսի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև համայնքներում, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերում սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի իրականացումը, որոնք կրելու են շարունակական բնույթ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակի շուրջ: -0-