Արայիկ Հարությունյանն ինձ ասել է, որ ճնշումների ներքո ստիպված է հրաժարական տալ. Ալեն Սիմոնյան
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցին՝ նշելով, որ նա ևս տեղյակ է եղել նախագահի հրաժարականից։
«Արայիկ Հարությունյանն ինձ ասել է, որ ճնշումների ներքո ստիպված է հրաժարական տալ, մենք մի քանի անգամ հեռախոսազրույց ենք ունեցել և նույնիսկ ասել է՝ կարող է մի օր արթնանաք, տեսնեք ես չկամ, իմ վրա ահռելի մեծ ճնշումներ են»,- նշեց Սիմոնյանը։
Նա նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հարցին.
«Երբ ԼՂ իշխանությունները որոշում էին կայացնում և մեզ զանգում էին, վերջին մի քանի ժամվա ընթացքում ասում , որ, գիտեք ինչ, սենց որոշում ենք կայացրել, և իրենք են գտնվում այդ տարածքում, ՀՀ իշխանությունները որևիցէ բան այլևս անել չեն կարող: Իրենք տեղյակ են պահել արդեն ընդունված որոշման մասին»,- նշեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ եղել է ոչ թե քննարկում, այլ որոշման մասին տեղյակ են պահել։
«Մեր կողմից մի պահանջ է եղել, որ տեքստի մեջ Հայաստանի հետ կապված հիշատակում, որը վերաբերվել է մի բանի, որն իրողության հետ կապ չի ունեցել, մենք պահանջել ենք տեսքտից դուրս հանել»,-ասաց Սիմոնյանը՝ չհստակեցնելով, թե խոսքն ինչ պահանջի մասին է։
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:07 09.09.2024