Արցախում ավտոերթի նպատակներն անհասկանալի էին. ՀԴԿ առաջնորդ
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղում «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության կազմակերպած ավտոերթի նպատակներն անհասկանալի էին, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
«Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության անդամները բողոքի ցույցեր և ավտոերթեր են անցկացնում Հայաստանում իշխանափոխության պահանջով։ Շաբաթ օրը նմանատիպ ավտոերթ էր կազմակերպվել Արցախում «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով։ Կազմակերպության անդամների տեղեկացմամբ` Ղարաբաղ մտնելիս ավտոերթի որոշ մասնակիցներ ծեծի են ենթարկվել Ոստիկանության աշխատողների կողմից։
Սարգսյանի խոսքով` բողոքի նմանատիպ ակցիա կարելի էր կազմակերպել Հայաստանում, այլ ոչ թե այդ նպատակով մեկնել Արցախ, որը, փաստացիորեն, պատերազմի պայմաններում է։
Այնուամենայնիվ, ըստ նրա, ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնությունն անհասկանալի է։ «Մի՞թե հնարավոր չէր նախապես կանգնեցնել նրանց դեռ Գորիսի մոտ և հետ վերադարձնել առանց բռնություն գործադրելու»,- նշեց Սարգսյանը։
Նրա խոսքով` թեև այդ ակցիայի նպատակներն իրեն հասկանալի չեն, ավելի անհասկանալի են ոստիկանների գործողությունները, ովքեր չեն վերահսկել իրենց զգացմունքները։ ՀԴԿ առաջնորդը նշեց, որ նմանատիպ ցանկացած դեպք պետք է քննության առարկա դառնա։ «Հակառակ դեպքում, մարդիկ սկսում են սովորել դեպքերի նման դասավորությանը»,– նշեց Սարգսյանը։
Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն իր հերթին նշեց, որ իր համար ապրիորի անհասկանալի էր ակտիվիստների կարգախոսը, իսկ միջադեպը նա ակնհայտ սադրանք անվանեց։
Ըստ նրա` նմանատիպ ակցիա պետք չէր անցկացնել Արցախում, իսկ ինչ վերաբերում է ծեծին, ապա, նրա խոսքով, բռնության ցանկացած դրսևորման համար պետք է պատասխանատվություն կրել։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:20 03.02.2015