Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Ավստրիական պատվիրակության այցը Հայաստան կարող է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խթան հանդիսանալ. Նալբանդյան

08.09.2014, 15:36
Ավստրիական պատվիրակության այցը Հայաստան կարող է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման լավ խթան հանդիսանալ, երկուշաբթի հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսում։
Ավստրիական պատվիրակության այցը Հայաստան կարող է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խթան հանդիսանալ. Նալբանդյան
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ավստրիական պատվիրակության այցը Հայաստան կարող է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման լավ խթան հանդիսանալ, երկուշաբթի հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսում։

Ավստրիայի արտաքին գործերի, Եվրոպայի և Ավստրիայի ինտեգրման նախարար Սեբաստիան Կուրցը պաշտոնական այցով սեպտեմբերի 8-9–ին Հայաստանում է հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հրավերով։

Նալբանդյանը նշեց, որ այցի շրջանակում կողմերը երկկողմ հարաբերությունների լայն շրջանակի, ինչպես նաև երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի քննարկման լավ հնարավորություն են ստացել։

«Պատվիրակության կազմում են տնտեսական հատվածի, այդ թվում` էներգետիկայի ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչը կարող է առևտրատնտեսական հարաբերությունների բարելավման լավ խթան հանդիսանալ»,– ասաց նախարարը։

Դիվանագետը հայտնեց նաև, որ կողմերը կարծիքներ են փոխանակել այն մասին, թե ինչպես ընդլայնել արդեն առկա պայմանագրային բազան, քննարկել են միջխորհրդարանական զարգացման և ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման  հնարավորությունը։ Կողմերը նաև կարևորել են քաղաքական երկխոսությունը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունները։

«Մենք մշտապես օգտագործում ենք տարբեր ֆորումների ընթացքում տարբեր մակարդակներով հանդիպումների անցկացման հնարավորությունները և կշարունակենք այդ ավանդույթը»,– ավելացրեց Նալբանդյանը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Ավստրիայի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2014 թվականի առաջին կիսամյակում կազմել է մոտ 42 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 29.9 տոկոսով։ -0-