Ղարաբաղի ուժային կառույցներում փոփոխություններ չեն նախատեսվում. Սեյրան Օհանյան
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությունն ուժային կառույցներում փոփոխությունների նպատակ չունի, «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով Սամվել Բաբայանի կողմնակիցների հայտարարությունները նրա` ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը ստանձնելու հնարավորության մասին:
«Կարծում եմ` այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համապատասխան նորմերի և համապատասխան պլանների հիման վրա է իրականացվում կադրային քաղաքականությունը: Եվ այն նշանակումները, որոնք կան այսօր, լիարժեք համապատասխանում են այսօրվա իրականությանը, ԼՂՀ այսօրվա Պաշտպանության բանակի հրամանատարը` Լևոն Մնացականյանը, ունի բոլոր այն կարողությունները, ես նկատի ունեմ և գիտելիքներ, և հմտություններ, և ունակություններ», - ընդգծել է Օհանյանը:
1993-1999 թթ.-ին Բաբայանը եղել է Պաշտպանության բանակի հրամանատար, մասնակցել է ղարաբաղյան զորքերի գրեթե բոլոր հաջող գործողությունների մշակմանը, իսկ 1994 թ,-ին ստորագրել է փաստաթղթերը, որոնք նախատեսում էին հրադադարի ռեժիմի հաստատումը:
2000 թ.-ին դատապարտվել է 14 տարի ազատազրկման` ԼՂՀ-ի այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի կազմակերպման համար, սակայն 4,5 տարի անց, ներում է ստացել: -0-