Рейтинг@Mail.ru
USD
384.92
EUR
432.84
RUB
4.765
GEL
140.53
2025 թ. մայիսի 21, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվող է. ՌԴ ԱԳ նախարար

06.03.2017, 18:26
Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվող է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ամփոփելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցության արդյունքները:

Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվող է. ՌԴ ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվող է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` ամփոփելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցության արդյունքները:

«Մենք ակնկալում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվող է, - ասել է նա, - Դա, նախևառաջ, անվտանգության, մարդասիրական հարցերն են, այն շրջանների վերադարձն է, որոնք գտնվում են Ղարաբաղի շուրջը և չեն վերահսկվում Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է` հաշվի առնելով այնտեղ բնակվող մարդկանց կարծիքը, և միջազգային խաղաղապահ ուժերի պարամետրերի համաձայնեցումը»:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Լավրովը նշել է, որ «այս հարցերի մեծ մասի շուրջ համաձայնություններ կան»:

«Սակայն երկու-երեք թեմաներ, որոնք հենակետային են վերջնական փաթեթի համար, դեռևս քննարկվում են, - ավելացրել է նա։ - Անկեղծ ասած, մենք դեռևս հեռու ենք նրանից, երբ կողմերը մնացած հարցերի շուրջ միասնական մոտեցում են մշակում»:

Լավրովն ընդգծել է, որ կարգավորման շուրջ բովանդակալից բանակցությունների համար հարկավոր է Լեռնային Ղարաբաղի շուրջ հասնել լարվածության թուլացման։

«Համոզված եմ, որ կարևոր դեր կխաղար վստահության միջոցների ամրապնդումը, այդ թվում` հաշվի առնելով այն գագաթնաժողովների արդյունքները, որոնք տեղի են ունեցել նախորդ տարվա մայիսին Վիեննայում և նախորդ տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում և հաշվի առնելով այն առաջարկները, որոնք մշակվել են ԵԱՀԿ շրջանակում», - ավելացրել է ՌԴ արտգործնախարարը:

«Ռուսաստանը հետագայում էլ կշարունակի նպաստել կողմերի համար ընդունելի հանգուցալուծումների որոնմանը, ինչպես Բաքվի և Երևանի հետ մեր երկկողմանի հարաբերությունների շրջանակում, այնպես էլ` Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանդիպումների ձևաչափով, - ասել է Լավրովը, - Եվ, իհարկե` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»:

«Մեր բոլոր քայլերը ձեռնարկվում են սկզբունքային մոտեցումների հունով, որոնք մշակվում են համանախագահների կողմից` նկատի ունեմ մեր գործընկերներին ԱՄՆ-ից և Ֆրանսիայից», - նշել է Լավրովը:

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

Նրա խոսքով, իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կմնա ամենագլխավոր խնդիրներից, որոնք հետ բախվում է Ադրբեջանը:

«Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում դրա կարգավորման ուղղությամբ, մենք այսօր մանրակրկիտ քննարկել ենք դրանք, - նշել է Մամեդյարովը, - Դրանք լսում են և Ադրբեջանում, և Հայաստանում, կան որոշ հեռանկարներ»:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։–0–