Ղարաբաղյան խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ՀՀ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղյան խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, երեքշաբթի ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի բարեկամության խմբերի անդամների հետ հանդիպմանը։
«Այս մասին ես հայտարարել եմ հնարավոր բոլոր բարձր ամբիոններից և այժմ էլ վերահաստատում եմ մեր այս հանձնառությունը: Եվ իհարկե, այս առումով մենք շատ բարձր ենք գնահատում մեր բարեկամ և վստահելի գործընկեր Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերն ուղղված հիմնահարցի խաղաղ բանակցային կարգավորմանը»,– ավելացրել է Սարգսյանը։
Նա նշել է, որ բոլորը պետք է շատ հստակ գիտակցեն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մարդու իրավունքների խնդիր է:
«Եվ այն կարող է լուծվել միայն մարդու հիմնարար և անօտարելի իրավունքներից մեկի՝ ժողովրդի ազատ ինքնորոշման միջոցով: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից սեփական ապագան ինքնուրույն որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով»,– ասել է նախագահը, ավելացնելով, որ այդ առումով նույնպես շատ կարևոր է Ֆրանսիայի ձայնը, քանզի Ֆրանսիան խաղաղության ջատագով է։
«Այս համատեքստում մեծապես կարևորում եմ նաև ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Արցախ, սեփական աչքերով տեսածի փոխանցումը Ֆրանսիայի հանրությանը, ինչը հսկայական, ուղղակի անգնահատելի նպաստ է բերում Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը: Եվ հետևելով ձեր օրինակին՝ արդեն իսկ բազմաթիվ երկրների օրենսդիրներ են այցելում ԼՂ, ինչն, անշուշտ, տալիս է իր դրական արդյունքները: Մեր բարեկամ պետությունների նմանօրինակ ջանքերի շնորհիվ՝ Արցախի ժողովուրդը փոքր, բայց հաստատուն քայլերով հաղթահարում է Ադրբեջանի քարոզչական կեղծիքը»,– ավելացրել է Սարգսյանը։ -0-