Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 18, ուրբաթ
եղանակը
Երևանում
+24

Հայ փորձագետը չի հավատում, թե Թուրքիայում ռազմական հեղաշրջում կլինի

10.06.2013, 15:58
Թուրքիայում գրեթե անհնար է, որ «Արդարություն ու զարգացում»  կուսակցությունը տապալելու նպատակով ռազմական հեղաշրջում լինի, կարծում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։
Հայ փորձագետը չի հավատում, թե Թուրքիայում ռազմական հեղաշրջում կլինի
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Թուրքիայում գրեթե անհնար է, որ «Արդարություն ու զարգացում»  կուսակցությունը տապալելու նպատակով ռազմական հեղաշրջում լինի, կարծում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

«Այս երկու շաբաթվա ընթացքում թուրքական բանակը որևէ հետաքրքրություն չցուցաբերեց ընդվզման հանդեպ, որևէ քաղաքական հայտարարություն չարվեց բանակի կողմից», երկուշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Սաֆրաստյանը։

Երկու շաբաթ շարունակ Թուրքիայում հակակառավարական ցույցեր են անցկացվում, որոնք սկսվել են Ստամբուլում` Գեզի այգու պաշտպանությանն ուղղված հավաքից։ Ցուցարարները դեմ են հանդես գալիս Թուրքիայի իսլամացմանն ու իշխանությանը մեղադրում հասարակ քաղաքացիների կյանք ներխուժելու մեջ։

Վարչապետ Էրդողանը հայտնել էր, որ ակցիաները կազմակերպվել են ծայրահեղականների կողմից։ Ցույցերի ցրման ժամանակ ոստիկանությունն ակտիվորեն արցունքաբեր գազ է կիրառել։ Անկարգությունների հետևանքով մի քանի մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ` վիրավորվել։

Սաֆրաստյանը նշեց, որ բանակի`  երկրի քաղաքական կյանքի վրա ազդելու հնարավորությունները սահմանափակված են եղել եվրաինտեգրման ուղղությամբ Թուրքիայի ստանձնած քաղաքականության շրջանակներում ԵՄ–ի կողմից անցկացվող բարեփոխումներով, ինչպես նաև բանակային բարձրաստիճան պաշտոնյաների դավադրություններով («Էրգենեկոն» և այլն)։

Նա ավելացրեց նաև, որ իր դերն է խաղում նաև թուրքական բանակի սպայակազմը, քանի որ նախորդ դարի 90–ականների վերջին կրոնական դպրոցների շրջանավարտներին թույլատրվել էր դիմել բուհեր, և նրանցից շատերն այնուհետև սպաներ էին դարձել։

«Ներկայում Թուրքիայի կրտսեր և միջին սպայական կորպուսի էական մասը դաստիարակված է իսլամիստական ոգով, և բարձրագույն սպայական կազմը մտավախություններ ունի, որ նրանք պարզապես կարող են չկատարել Թուրքիայի ներկայիս կառավարության դեմ ուղղված հրամանները»,– ավելացրեց Սաֆրաստյանը։ -0-