Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+25

Հայ ժողովրդի համար պատմության ամենածանր պահին Լիբանանը դարձել է փրկության փարոս բազմահազար հայրենազրկված հայերի համար

27.11.2012, 13:01
Հայ ժողովրդի համար պատմության ամենածանր պահին Լիբանանը դարձել է փրկության փարոս բազմահազար հայրենազրկված հայերի համար, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի կողմից ի պատիվ հայկական պետության նախագահի և նրա տիկնոջ տված պաշտոնական ընթրիքի ընթացքում:
Հայ ժողովրդի համար պատմության ամենածանր պահին Լիբանանը դարձել է փրկության փարոս բազմահազար հայրենազրկված հայերի համար
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ ժողովրդի համար պատմության ամենածանր պահին Լիբանանը դարձել է փրկության փարոս բազմահազար հայրենազրկված հայերի համար, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի կողմից ի պատիվ հայկական պետության նախագահի և նրա տիկնոջ տված պաշտոնական ընթրիքի ընթացքում:

«Իմ խորին համոզմամբ հայ և լիբանանցի ժողովուրդներն ավելին են, քան ուղղակի բարեկամներ: Հայ ժողովրդի համար պատմության ամենածանր պահին Լիբանանը դարձել է փրկության փարոս բազմահազար հայրենազրկված հայերի համար: Ինչպես, եթե ոչ եղբայրական, կարելի է որակել այսօրինակ փոխհարաբերությունները»,- Սարգսյանի խոսքը մեջբերեցին նախագահի մամուլի ծառայությունից:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել հայերի համար հարազատ երկրում՝ Լիբանանի հյուրընկալ հողում ջերմ ընդունելության համար: Նա խոսել է երկու հինավուրց, բարեկամ ժողովուրդների պատմական անցյալի, ներկայում հուսալի գործընկերներ Հայաստանի և Լիբանանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, ինչպես նաև միջպետական բազմոլորտ հարաբերություններն ավելի զարգացնելու և խորացնելու երկկողմ ցանկության ու պատրաստակամության մասին:

Հայաստանի նախագահը մաղթել է Լիբանանին և նրա ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և անսասան ազգային միաբանություն:

«Մեր ժողովուրդների առնչությունները սկիզբ են առնում անհիշելի ժամանակներից, իսկ հայկական ներկայությունը Լիբանանում չափվում է դարերով: Կարծում եմ՝ ամենևին պատահական չէ, որ հենց Լիբանանում է երկուսուկես դար առաջ իր նստավայրը հաստատել Հռոմի պապից պաշտոնական ճանաչման արժանացած հայ կաթոլիկ առաջին կաթողիկոսը: Հայերն իրենց անուրանալի մասնակցությունն են ունեցել Լիբանանի՝ Օսմանյան կայսրությունից ազատագրման համար մղվող պայքարում»,- ասել է նա:

Սարգսյանը նշել է նաև, որ հենց Լիբանանում են ձևավորվել արտերկրում հայության ամենախոշոր հոգևոր, մշակութային և կրթական կենտրոններից մի քանիսը, որոնց կարևոր դեր է վերապահված սփյուռքում հայապահպանության գործում: -0-