Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+33

Հայաստանը և ԵՄ–ն գրեթե ավարտել են Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները. ԱԳՆ

20.03.2013, 14:44
Հայաստանը և Եվրամիությունը գրեթե ավարտել են Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հայաստանը և ԵՄ–ն գրեթե ավարտել են Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը և Եվրամիությունը գրեթե ավարտել են Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Երկու օրում (մարտի 19–20) մենք անցկացրեցինք Ասոցացման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների 12–րդ փուլը, և արդեն հստակ ակնհայտ են փաստաթղթի ստորագրման հեռանկարները։ Փաստաթղթի բոլոր կետերն արդեն քննարկված են, և չեմ կարծում, որ բանակցությունների լրացուցիչ փուլ անցկացնելու անհրաժեշտություն կառաջանա»,– ասաց Մնացականյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»։

ԱԳՆ ղեկավարի տեղակալն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում եվրաինտեգրման իր ուղղությանը, և հուսով է փաստաթուղթը վավերացնել Վիլնյուսում 2013թ.–ի նոյեմբերի 28–29–ն ընկած ժամանակահատվածում կայանալիք «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովին։  

Նա նշեց, որ բանակցությունների ավարտը դեռ ողջ գործընթացի ավարտ չի նշանակում։

«Փաստաթուղթը պետք է քննարկվի ԵՄ երկրներում, պետք է թարգմանվի կազմակերպության անդամ երկրների բոլոր լեզուներով, պետք է լրացուցիչ իրավաբանական ստուգում անցնի և այլն»,– ավելացրեց նա։

Միաժամանակ Մնացականյանը հայտնեց, որ Հայաստանը գոհ է բանակցությունների արդյունքներից։

Ընդգծելով, որ ասոցացման համաձայնագրի գլխավոր տարրերից մեկը ԵՄ–ի հետ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումն է, Մնացականյանն ավելացրեց, որ այդ մասով բանակցությունները նույնպես ընթանում են շատ արդյունավետ և դրական արդյունքներ են տալիս։

«Մենք տեղավորվում ենք ժամանակացույցում»,– նշեց նա։

Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ.-ի հունիսի 19-ին Երևանում: Ապագա համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին և նպատակ ունի խորացնել հարաբերությունները Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի ոլորտներում:-0-