ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա, նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակ
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում Վիսբադենում՝ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում, հանդիսավոր արարողության շրջանակում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը:
Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ:
Հեսսեյան Խաղաղության մրցանակը (Hessischer Friedenspreis) Գերմանիայի Հեսսեն դաշնային երկրամասի հեղինակավոր մրցանակ է, որը շնորհվում է խաղաղության և ժողովուրդների միջև փոխըմբռնման ամրապնդման գործում նշանակալի ներդրման համար։
Մրցանակը հիմնադրվել է 1993 թվականին Հեսսենի վարչապետի պաշտոնը զբաղեցրած (1969 – 1976թթ․) Ալբերտ Օսվալդի հիմնադրամի կողմից և շնորհվում է Հեսսենի երկրամասային խորհրդարանի (Landtag) հետ համագործակցությամբ։
Դափնեկիրն ընտրվում է անկախ հանձնաժողովի կողմից։ Տարբեր տարիներին Հեսսեյան Խաղաղության մրցանակի են արժանացել խաղաղության, հակամարտությունների կարգավորման և մարդու իրավունքների ոլորտի հայտնի գործիչներ։