Կայացել է Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Նախարար Նալբանդյանը համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի ուշադրությունը հրավիրել է առ այն, որ, հակառակ հանձնառությունների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ պահանջների, Ադրբեջանը շարունակում է 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի խախտումները՝ դրանք զուգորդելով ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու սպառնալիքներով։
Զրուցակիցները շեշտել են Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
20:58 16.02.2017