Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

ԼՂՀ նախագահը շնորհավորել է հայրենակիցներին Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ

09.05.2015, 14:34
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
ԼՂՀ նախագահը շնորհավորել է հայրենակիցներին Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մայիսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի 70-րդ տարեդարձի, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ, Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ, հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ` Հաղթանակի 70-րդ տարեդարձի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ», – նշվում է ուղերձում։

ԼՂՀ նախագահը հայտարարել է, որ 70 տարի առաջ մարդկության պատմության մեծագույն չարիքներից մեկի` նացիզմի դեմ տարած փառավոր հաղթանակի կերտման գործում իր արժանի ավանդն է ունեցել նաև արցախահայությունը:

«Թե՛ մարտի դաշտում և թե՛ թիկունքում մեր հայրենակիցներն աչքի են ընկել իրենց հերոսությամբ ու սխրանքով, տոկունությամբ ու անձնվիրությամբ:  Ռազմաճակատ մեկնած տասնյակ հազարավոր արցախցիների կեսը չի վերադարձել: Փա՛ռք ու պատիվ մեր բոլոր նահատակներին: Նրանց հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի հիշողության մեջ», – նշել է Սահակյանը։

«Մենք խորապես շնորհակալ ենք մեր քաջ հայրերին ու պապերին` նրանց անցած հերոսական ճանապարհի, մեզ թողած` նրանց հայրենասիրության ու անձնուրացության դասերի համար: Այդ դասերը լավ սերտեցին հետագա սերունդները` Մեծ Հայրենականից տասնամյակներ անց հաղթանակներ տանելով արդեն Արցախյան ազատամարտում: Մայր Հայաստանի և մեր աշխարհասփյուռ քույրերի ու եղբայրների հետ միասին մենք պաշտպանեցինք հայրենի Արցախի ազատությունն ու անկախությունը, հարազատ ժողովրդի խաղաղությունն ու անդորրը, ազատագրեցինք հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին և սկիզբ դրեցինք նոր հաղթանակների», – ասել է ԼՂՀ նախագահը։

Բակո Սահակյանը նշել է, որ այդ պայքարի բովում ծնվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը` համայն հայության հպարտությունն ու պարծանքը և  մեր անվտանգության հիմնական երաշխավորը:

«Բանակ, որն այսօր էլ պատվով է կատարում իր առջև դրված խնդիրները` արժանի հակահարված տալով հակառակորդի ոտնձգություններին և անառիկ պահելով հայրենի երկրի սահմանները», – նշել է Սահակյանը։

«Մեր ժողովրդի ազատատենչ ոգու և անկոտրում կամքի շնորհիվ անկախության տարիներին մենք արձանագրեցինք մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ: Միայն այսպես` համախմբված ու միասնական կարող ենք լուծել մեր առջև ծառացած խնդիրները, կյանքի կոչել տարբեր ծրագրեր և հասնել համազգային նպատակների իրականացմանը», – նշել է Սահակյանը։

«Թանկագի՛ն հայրենակիցներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս պանծալի Եռատոնի առթիվ և մաղթում խաղաղ, բարեկեցիկ ու հաղթական ճանապարհ մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին», – նշվում է ուղերձում։ –0–