Մեր գլխավոր նպատակներից մեկը ՔՊ-ի իշխանազրկումն է. «Մայր Հայաստան» շարժումը համանուն կուսակցություն է ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Հայաստանում ստեղծվել է «Մայր Հայաստան» կուսակցությունը։ Այս մասին տեղեկանում ենք շարժման Facebook-յան էջից։
«Մայր Հայաստան» շարժման որոշմամբ ստեղծվեց համանուն կուսակցություն։ «Մայր Հայաստան» շարժումը կարճ ժամանակահատվածում ծանրակշիռ տեղ է զբաղեցրել Հայաստանի քաղաքական դաշտում։ Նորաստեղծ ուժ լինելով հանդերձ՝ «Մայր Հայաստանը» հաջողություններ գրանցեց Երևանի ու Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ու ներկայացված է Հայաստանի 2 խոշոր քաղաքների ավագանիներում։ Շարունակությունը լինելու է Վաղարշապատի ընտրությունները»,-նշվում է շարժման տարածած հաղորդագրության մեջ։
«Մայր Հայաստան» կուսակցության ընտրված նախագահ Անդրանիկ Թևանյանի խոսքով, միակ թիրախը լինելու է ՔՊ-ական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
«Մեր գլխավոր նպատակներից մեկը ՔՊ-ի իշխանազրկումն է։ Հայաստանում պետք է հաստատվի այնպիսի իշխանություն, որը երկրում կապահովի անվտանգություն ու խաղաղություն։ Առջևում դժվար աշխատանք է սպասվում, որը պսակավելու է հաջողությամբ։ «Մայր Հայաստանի» առաջին համագումարում պատիվ ունեցա ընտրվել կուսակցության վարչության անդամ»,-ասել է Թևանյանը։
«Մայր Հայաստան» շարժում
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը հիմնադրվել է 2023 թ.-ի մայիսի 28-ին՝ լայն սոցիալական կոնսոլիդացիա ապահովելու և ազգային ու պետական շահերը պաշտպանելու նպատակով։
Շարժումը անկուսակցական է, համախմբել է հանրային կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչների՝ քաղաքագետներ, տնտեսագետներ, դիվանագետներ, սոցիոլոգներ, հայտնի մտավորականներ, իրավաբաններ, բժիշկներ, ուսուցիչներ, պրոֆեսորներ, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, լրագրողներ, բլոգերներ, ուսանողներ և փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ։