Հայաստանը 15 երկիր է արտահանել 411 տոննա ջերմոցային արտադրանք և ելակ
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը հունիսի 1-ից 17-ը 15 երկիր է արտահանել 411 տոննա ջերմոցային բանջարեղեն և ելակ, ինչպես նաև մոտ 1,8 մլն ծաղիկ, հնգշաբթի օրը կայացած կառավարության նիստում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ մատակարարումներն իրականացվել են Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, Իրան, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Բելառուս և Ղազախստան։
Նախարարը հայտնել է նաև ծիրանի արտահանման մեկնարկի մասին։
«Մենք արդեն արտահանել ենք 162 տոննա ծիրան։ Առաջին մատակարարումներն իրականացվել են երեկ՝ Ուկրաինա և Վրաստան»,- ասել է Պապոյանը։
ՌԴ-ում Հայաստանից ներմուծվող արտադրանքի սահմանափակումների մասին
Ռուսաստանը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակել է Հայաստանից ծագող և առաքվող ողջ կարանտինային արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ։
Ռոսսելխոզնադզոր-ի սահմանափակումների տակ են հայտնվել, մասնավորապես, «Ջերմուկ» հանքային ջուրը, ալկոհոլային խմիչքները, բանջարեղենը, միրգը, կանաչեղենը։
Գերատեսչությունում որպես պատճառ նշել են Հայաստանից բուսական ծագման արտադրանքի և ծաղիկների մեջ «կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերումը»։ Նշվում է, որ արգելքը կգործի մինչև մատակարարվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման հստակ ալգորիթմի մշակումը։