Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ, որին ինքը մասնակցություն կունենա և կզբաղվի ԵԱՏՄ-ում առկա խնդիրներով։
«Այսօր էլ ենք զբաղվում, ԵԱՏՄ ինստիտուներն աշխատում են։ Դա սովորական, ընթացիկ պրոցես է, և այդ պրոցեսներին կմասնակցենք», - նշել է Փաշինյանն այսօր ճեպազրույցի ժամանակ։
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 6–7-ը Չոլպոն-Ատայում (Ղրղզստան):
Հայաստան – ԵԱՏՄ – ԵՄ
Հայաստանի իշխանությունները շարունակում են առաջ մղել ԵՄ-ի հետ մերձեցման և եվրոպական չափանիշներին անցնելու կուրսը, սակայն մտադիր են պահպանել անդամակցությունը ԵԱՏՄ-ին այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր կլինի համատեղել երկու ուղղությունները։
Մոսկվան, իր հերթին, զգուշացնում է, որ Հայաստանի անցումը ԵՄ չափանիշներին կունենա ուղղակի տնտեսական հետևանքներ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի կրճատել ինտեգրացիոն տնտեսական փոխգործակցությունը Հայաստանի հետ, և որ ՀՀ-ն կարող է կորցնել ՀՆԱ-ի մինչև 14%-ը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու պատճառով էներգակիրների գների բարձրացման դեպքում։
Իր հերթին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել է, որ գազի մատակարարումներն այժմ ապահովված են, գործընկերների հետ շփումները շարունակվում են, իսկ հնարավոր ռիսկերը կառավարելի են Հայաստանի տնտեսության համար։