Рейтинг@Mail.ru
USD
368.21
EUR
427.49
RUB
5.0795
GEL
138.6
2026 թ. հունիսի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+28

ԿԲ–ն պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,5%–ի սահմանում՝ կայունացնելով ռիսկերը․ Գալստյան

Այսօր, 12:37
Իրավիճակի հետագա զարգացումը ցույց կտա ժամանակը: Նոր տվյալների ստացմանը զուգընթաց՝ Խորհուրդը ապագայում կընդունի համապատասխան որոշումներ, նշել է ԿԲ ղեկավարը
ԿԲ–ն պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,5%–ի սահմանում՝ կայունացնելով ռիսկերը․ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6,5% մակարդակում, քանի որ այս փուլում դա օպտիմալ լուծում է՝ հաշվի առնելով առկա ռիսկերը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Կենտրոնական բանկի խորհուրդը հենց դա է նշել իր վերջին փաստաթղթում: Գնահատելով նշված երկու ուղղություններով ռիսկերի կառավարման անհրաժեշտությունը և հավասարակշռելով դրանք՝ Խորհուրդը որոշում է կայացրել հիմնական տոկոսադրույքը թողնել անփոփոխ», — երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսում, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, ասել է Գալստյանը:

Ինչպես պարզաբանել է ԿԲ ղեկավարը, խոսքը ռիսկերի երկու խմբի մասին է։ Մի կողմից, կարգավորողը հաշվի է առնում համաշխարհային չեզոք տոկոսադրույքների հնարավոր աճը, ներքին ավելցուկային պահանջարկի պայմանների ձևավորումը և գնաճային սպասումների արագացումը: Նման գործոնները կարող են պահանջել ավելի բարձր տոկոսադրույք՝ ընթացիկ շուկայական սպասումների համեմատ։

Մյուս կողմից, ԿԲ-ն դիտարկում է համաշխարհային տնտեսության դանդաղման, առանձին արտահանման ուղղություններում առկա խնդիրների հետևանքով դեֆլյացիոն ճնշումների առաջացման, ինչպես նաև Հայաստանի տնտեսությունում ռիսկի հավելավճարի հետագա նվազումը։ Այս դեպքում ավելի հավանական կլիներ տոկոսադրույքի ավելի ցածր հետագիծը։

Գալստյանի խոսքով՝ երկու ուղղություններով էլ ռիսկերը մնում են զգալի, սակայն ներկա պայմաններում կարգավորողը տոկոսադրույքի պահպանումը համարում է ամենաարդարացված քայլը։

«Իրավիճակի հետագա զարգացումը ցույց կտա ժամանակը: Նոր տվյալների ստացմանը զուգընթաց՝ Խորհուրդը ապագայում կընդունի համապատասխան որոշումներ», — նշել է ԿԲ ղեկավարը:

ԿԲ խորհուրդը նաև հայտարարել է, որ կշարունակի տնտեսության զարգացման սցենարների մոնիթորինգը և պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ միջնաժամկետ հատվածում գնաճի 3% թիրախային մակարդակի ապահովման և գնային կայունության պահպանման համար: