Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի 455 մետրանոց թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
«455 մետրանոց թունելում ջրամեկուսացումն ամբողջացված է, բետոնացումը թափ է հավաքում», - նշված է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածի 455 մետրանոց թունելում ջրամեկուսացման աշխատանքներն ավարտվել են:
«Սա առանցքային քայլ է դեպի թունելի շահագործում՝ ապահովելով դրա երկարակեցությունն ու անվտանգությունը: Ջրամեկուսացման հաջող ավարտից հետո շինարարական թիմերն անցել են հաջորդ կարևոր փուլին՝ թունելի բետոնացման աշխատանքներին, որոնք այս պահին իրականացվում են ակտիվ տեմպերով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից հայտնում են, որ Քաջարան-Ագարակ հատվածը ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է, որի ավարտը կնպաստի տրանսպորտային հոսքերի արդյունավետության բարձրացմանը, ճանապարհորդության ժամանակի կրճատմանը և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը:
Դեպարտամենտից ընդգծում են, որ շինարարական աշխատանքները շարունակվում են՝ պահպանելով որակի և անվտանգության ամենաբարձր չափանիշները: