Միջնորդները ՀՀ–ի և Ադրբեջանի առաջնորդների միջև ինտենսիվ երկխոսության վերսկսման հույս ունեն
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին Միլանում կայացած ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանակում պայմանավորվել են շարունակել ղարաբաղյան հակամարտության արդար և ամուր խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները։
Համանախագահ երկրները ողջունել են առաջնագծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և հաղորդվող կորուստների էական նվազումը, ինչը հաջորդել է Դուշանբեում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած խոսակցությանը։
Նրանք հորդորել են կողմերին շարունակել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և սեփական ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու միջոցներ ձեռնարկել:
Համանախագահ երկրները հույս են հայտնել, որ կողմերի միջև ինտենսիվ երկխոսությունը կարող է մոտ ապագայում հանգեցնել խնդրի կարգավորմանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը և Ադրբեջանի արտգործնախարարը վերահաստատել են լարվածության նվազեցման ու խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ինտենսիվ աշխատանք իրականցնելու իրենց պատրաստակամությունը:
«Նրանք համաձայնություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո հանդիպել 2019 թվականի սկզբին և շարունակել բարձր մակարդակով բանակցությունները: Նրանք գնահատել են համանախագահ երկրների ցուցաբերած մեծ ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը», - նշված է հայտարարության մեջ: -0-