Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+22

ՄՄ միանալու Հայաստանի որոշմանը պետք է նախորդի ճանապարհային քարտեզի մշակումը` հաշվի առնելով Հայաստանի քաղաքա-տնտեսական դրությունը. փորձագետ

12.09.2013, 18:43
Մինչև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելը պետք է ճանապարհային քարտեզ մշակել` հաշվի առնելով Հայաստանի քաղաքա-տնտեսական դրությունը և պատասխանել այն հարցին, թե ինչ կտա հանրապետությանն այդ միությունը, կարծում է ԱՊՀ երկրների Ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը։
ՄՄ միանալու Հայաստանի որոշմանը պետք է նախորդի ճանապարհային քարտեզի մշակումը` հաշվի առնելով Հայաստանի քաղաքա-տնտեսական դրությունը. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մինչև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելը պետք է ճանապարհային քարտեզ մշակել` հաշվի առնելով Հայաստանի քաղաքա-տնտեսական դրությունը և պատասխանել այն հարցին, թե ինչ կտա հանրապետությանն այդ միությունը, կարծում է ԱՊՀ երկրների Ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը։

«Այն որոշումը, որն ընդունվել է Մաքսային միությանը միանալու կապակցությամբ, հասկանալի է` և դրական զգացմունքներ է առաջացնում, և տվյալ հարցի քննադատական ըմբռնման անհրաժեշտություն` հաշվի առնելով Հայաստանի օբյեկտիվ քաղաքա-տնտեսական դրությունը»,– «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած «Հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն գործընթացները։ Հայաստանի ընտրությունը» թեմայով Երևան– Մոսկվա տեսակամրջի ընթացքում ասաց Մարկարովը։

Ըստ նրա` պետք է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են` ընդհանուր սահմանների և էներգետիկայի բնագավառում քաղաքականության բացակայությունը։ «Երկրորդ ակնհայտ պահը, որի վրա մենք դեռ ուշադրություն չենք դարձրել, այն կառույցների հետ Հայաստանի զարգացման և փոխգործակցության հարցն է, որոնց հետ նա փորձել է այլ ուղղությամբ ինտեգրացիոն գործընթացներ վարել»,– ասաց նա։

Միաժամանակ Մարկարովը նշեց, որ ՄՄ–ին միանալու մասին որոշումը քաղաքական է և ընդունվում է` հաշվի առնելով առաջնահերթությունների որոշակի հիերարխիան, որը ներառում է տնտեսական համագործակցության տարրեր։

Նման տեսակետ է արտահայտել նաև Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Մաքսային միության հետ կապված հարցն այնքան էլ պարզ չէ, ինչպես թվում է։ Այն որոշումները, որոնք ընդունվել են Մոսկվայում, քաղաքական են, վախենում եմ` ոչ այլընտրանքային, սակայն որպեսզի դրանք Մաքսային միության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի միջև կոնկրետ փոխգործակցության ձևափոխվեն, պետք է համաձայնեցման որևէ գործընթաց լինի»,– ասաց Իսկանդարյանը։

Ըստ նրա` ՄՄ–ն համաձայնագրերի բավականին մեծ քանակություն է` սակագնային նորմերի , սահմանների, ապրանքների տեղաշարժի մասին` տարբեր տեսակի բավականին լուրջ քանակությամբ բացառություններով։ Այդ փաստաթուղթը, ըստ քաղաքագետի, մշակվել է ավելի շուտ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի համար։ Ըստ նրա` միաժամանակ վերջին երկու երկրները բավականին շատ են տարբերվում Հայաստանից. դրանք նավթարդյունահանող երկրներ են, որոնք էներգակիրներ են արտադրում և արտահանում, այն ժամանակ, երբ Հայաստանն էներգակիրներ է ներկրում։
 
«Որոշակի ճանապարհ է հարկավոր համաձայնագրերի մշակման համար, որոնք այդ փոխգործակցության հարցում ընդունելի կլինեն Հայաստանի համար։ Դա, իհարկե, տեխնիկական կամ բյուրոկրատական ուղի է, քանի որ քաղաքական որոշումը կայացված է և հայտարարվել է նախագահների կողմից, և, ինչպես ես եմ հասկանում, շուտով Մաքսային միությանն անդամակցվելու վերաբերյալ Հայաստանի պաշտոնական խնդրանքը կհնչի, այդուհանդերձ, դա որոշակի ժամանակ, որոշ համաձայնագրեր կպահանջի»,–ընդգծեց նա։

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը ևս ընդգծեց, որ դեռ ոչ մի ճանապարհային քարտեզ չկա և հայտնի չէ, թե երբ կլինի։ Ըստ նրա` սակայն նման քարտեզ իրականում չի մշակվել նաև Եվրոպայի հետ Հայաստանի ասոցացված անդամակցության դեպքում։

«Ըստ էության` մենք այստեղ գործ ունենք ինտեգրման երկու վեկտորների հետ. նախկին ԽՍՀՄ տարածքում`ԱՊՀ և Եվրամիության ու Եվրոպայի մյուս կառույցների հետ ինտեգրումը։ Այդ երկու վեկտորները ֆանտոմներ են. այդ գաղափարները, որոնք դեռ հեռու են իրականությունից, նաև հեռու են որևէ ճանապարհային քարտեզից»,– ասաց փորձագետը։  

«Ես կարող եմ միայն հույս հայտնել, որ նման ճանապարհային քարտեզ, ամեն դեպքում, կհայտնվի այստեղ, որ այն հաշվի կառնի և Մաքսային միության բոլոր անդամների, և Հայաստանի հետաքրքրությունները, որ ՄՄ հետագա աշխատանքում շեշտն ավելի շատ կդրվի տնտեսության, քան քաղաքականության վրա և խոսակցություններ չեն լինի այն երկրների հնարավոր անդամակցության վերաբերյալ, որոնք, մեղմ ասած, հեռու են ՄՄ–ից և որպես տնտեսության անկախ սուբյեկտ` հետագա զարգացման շատ թույլ հեռանկարներ ունեն, և այդ ժամանակ հնարավոր է` իրավիճակը կփոխվի։ Սակայն դեռ բավական հեռու ենք դրանից»,– ամփոփեց փորձագետը։ --0--