Рейтинг@Mail.ru
USD
389.25
EUR
439.39
RUB
4.7251
GEL
141.96
2025 թ. մայիսի 12, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Հայ ժողովրդին ուղղված ավանդական ուղերձում Օբաման կրկին չի ասել «ցեղասպանություն» բառը

24.04.2014, 18:08
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հայ ժողովրդին ուղղված ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման,  հակառակ իր` Սպիտակ տուն գալուց առաջ տված խոստումներին, կրկին չի ասել «ցեղասպանություն» բառը։
Հայ ժողովրդին ուղղված ավանդական ուղերձում Օբաման կրկին չի ասել «ցեղասպանություն» բառը
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հայ ժողովրդին ուղղված ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման,  հակառակ իր` Սպիտակ տուն գալուց առաջ տված խոստումներին, կրկին չի ասել «ցեղասպանություն» բառը։

Օբաման կրկին արտասանել է «Մեծ Եղեռն» արտահայտությունը։

ԱՄՆ նախագան իր ուղերձում, մասնավորապես, նշել է, որ «հիշելով 99–ամյա վաղեմության անմարդկային տառապանքների մասին` մենք միանում ենք այդ օրն Ամերիկայում և ամբողջ աշխարհում նշող միլիոնավոր մարդկանց»։

«Մեր պարտականությունն է հիշել զոհերին և թույլ չտալ, որ պատմության այդ մութ էջերը կրկնվեն»,– ասել է Օբաման։

Նա ընդգծել է, որ բազմիցս հնչեցրել է սեփական տեսակետը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ։

«Իմ հայացքներն այդ հարցում անփոփոխ են։ Փաստերի ամբողջական, անկեղծ և ուղիղ ճանաչումը բխում է մեր ընդհանուր շահերից»,– ասել է նախագահը։

Օբամայի խոսքով, որոշ մարդիկ արդեն կատարել են այդ համարձակ քայլը դեպի առաջ։

«Մենք ողջունում ենք այն հայերին և թուրքերին, ովքեր կանգնել են այդ ճանապարհին, և հուսով ենք, որ այդ ուղին կընտրեն շատերն իմ և իրենց կառավարությունների սատարմամբ»,– ասել է Օբաման։

Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ թեև կորած կյանքերը վերադարձնելն անհնար է, այնուամենայնիվ, հայ ժողովրդի ժառանգությունը հաղթական է։

«Ձեր հավատը, արիությունը և ուժը թույլ են տվել ողջ մնալ և բարգավաճել, ստեղծել վառ համայնքներ ամբողջ աշխարհում։ Չվախենալով` դուք պահպանել եք ձեր ժառանգությունը` փոխանցելով այն սերնդեսերունդ»,– ասել է Օբաման։

Նա ավելացրել է նաև, որ ամերիկահայերը մեծ ավանդ են ներդրել ԱՄՆ–ի կյանքում և Հայաստանի ժողովրդական, խաղաղ ու բարեկեցիկ ապագայի կառուցման մեջ, ընդգծելով, որ Միացյալ Նահանգները հպարտանում են այդ ժառանգությամբ։

«Հիշատակի այս սուրբ օրը մենք «Մեծ Եղեռնի» մութ էջերը հիշող և Հայաստանի ժողովրդի պայծառ ապագայի ձգտող բոլոր հայերի հետ ենք»,– ասել է Օբաման։

Օբաման ԱՄՆ նախագահի թեկնածության ժամանակ բազմիցս հայտարարել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին և կոչ էր անում նույնն անել նախկին նախագահ Ջորջ Բուշին։

Աշխարհի հայությունն ապրիլի 24–ին նշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 99–րդ տարելիցը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։  

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ամերիկյան ավելի քան քառասուն նահանգներ, բրազիլական Սան Պաուլու, Սեարա, Պարանա նահանգները, ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգը, Կատալոնիան, Բասկերի Երկիրը, Հյուսիսային Իռլանդիան, Շոտլանդիան, Ուելսը, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը, կանադական Բրիտանական Կոլումբիա, Քվեբեկ, Օնտարիո գավառները, Ժնև և Վաուդ շվեյցարական կանտոնները, Բուենոս Այրես և Կորդոբա արգենտինյան գավառները, մոտ 40 իտալական կոմունա, տասնյակ միջազգային կազմակերպություններ, այդ թվում մի շարք հեղինակավոր կազմակերպություններ` Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը, Ցեղասպանագետների ասոցիացիան, Մարդու իրավունքների լիգան, Էլի Վիզելի մարդասիրական հիմնադրամը, Ամերիկայի հրեական համայնքների միությունը։ -0-