Рейтинг@Mail.ru
USD
365.87
EUR
416.43
RUB
4.6763
GEL
139.27
2026 թ. հուլիսի 27, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+22

Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել

12.05.2014, 17:07
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետական այցով ժամանել է Հայաստան։ Օդանավակայանում ֆրանսիական պետության ղեկավարին դիմավորել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և հայկական կառավարության անդամները։
Ֆրանսիայի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պետական այցով ժամանել է Հայաստան։ Օդանավակայանում ֆրանսիական պետության ղեկավարին դիմավորել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և հայկական կառավարության անդամները։

Հնչեցին երկու երկրների օրհներգերը։ Ֆրանսիացի նախագահի ժամանումը ողջունեց պատվոպահակախումբը։

Հանդիսավոր արարողությունից հետո երկու պետությունների ղեկավարները մեկնեցին մասնակցելու Երևանում բացվող հայ–ֆրանսիական տնտեսական համաժողովին։

Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կմասնակցեն նաև Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում կայանալիք հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախագահներն այնուհետև ներկա կգտնվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հայաստանի Նախագահի նստավայրում, ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, կտրվի պետական ընթրիք:

Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում նախատեսվում է նաև երկու երկրների նախագահների մասնակցություն Երևանում Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը և այցելություն մայրաքաղաքում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուրե ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ նախագահները կծանոթանան իրականացվող աշխատանքների ընթացքին: