Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Էրդողանը վերջնականապես հեռացրեց Թուրքիան տարածաշրջանային գործընթացներից. Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար

04.09.2014, 16:15
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Բաքվում իր պահվածքով վերջնականապես հեռացրեց Անկարային տարածաշրջանային գործընթացներից, կարծում է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։
Էրդողանը վերջնականապես հեռացրեց Թուրքիան տարածաշրջանային գործընթացներից. Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Բաքվում իր պահվածքով վերջնականապես հեռացրեց Անկարային տարածաշրջանային գործընթացներից, կարծում է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը։

Էրդողանը նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Անկարան կշարունակի սատարել Բաքվին ղարաբաղյան հարցում, և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կապեց Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հետ։

«Էրդողանը երեկ Բաքվում Ալիևի «դեմքը փրկելու» շոուում վերջնականապես հեռացրեց Թուրքիային տարածաշրջանային գործընթացներից»,– գրել է Սաղաթելյանը Twitter–ի իր միկրոբլոգում։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ հայ-թուրքական սահմանը պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակ է 1993 թվից: Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թ.–ի հոկտեմբերի 10–ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը», որոնք պետք է վավերացվեին երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն 2010 թ.–ի ապրիլի 22–ին Սարգսյանը հայ–թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը դադարեցնելու մասին հրամանագիր ստորագրեց` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման գործընթացը սառեցված վիճակում է:

Այդուհանդերձ, Սարգսյանն իր թուրք գործընկերոջը պաշտոնապես հրավիրել է 2015 թվականի ապրիլի 24–ին ներկա լինել Հայոց ցեղասպանության 100–ամյակին նվիրված միջոցառումներին։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-