Սիրիահայերի վերաբնակեցումը Հայաստանում կարող է օգնել երկրի ժողովրդագրական խնդիրների լուծմանը. Հարությունյան
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի. /ԱՌԿԱ/. Սիրիահայերի վերաբնակեցումը պատմական հայրենիքում կարող է օժանդակել Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծմանը, կարծում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։
«Մի փոքր ժամանակավրեպ եմ համարում այն հայտարարությունները, որ այնտեղ պետք է ուղարկել երիտասարդների` հայկական համայնքը պաշտպանելու համար։ Դա մեր պատերազմը չի։ Բայց մենք պարտավոր ենք պայմաններ ստեղծել, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայրենիք, քանի որ նրանք այլ տեղ չունեն»,– ուրբաթ Հարությունյանն ասաց սիրիական թեմային նվիրված քննարկումներում։
Փորձագետը միաժամանակ նշեց, որ Սիրիայի հայկական համայնքն ամենահզորներից մեկն էր Մերձավոր Արևելքում և կարևոր դեր է խաղացել Սփյուռքում, քանի որ «արևմտահայկական քաղաքակրթության կոդի կրողն է»։
Սիրիայում 2011 թվականի մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որը ՄԱԿ–ի տվյալներով, ավելի քան 130 հազար մարդու կյանք է խլել։ Կառավարական զորքերին դիմակայում են զինված միավորումներին պատկանող գրոհայինների ջոկատներ, որոնցում, այդ թվում, գործում են արտերկրյա վարձկաններ։
Մինչև վերջերս Սիրիայի հայ համայնքը շուրջ 100 հազարի էր հասնում: Հայերը զգալի դեր են խաղում Սիրիայի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։ Ավանդաբար Սիրիայի հայ համայնքը Սփյուռքի հզոր համայնքներից մեկն է համարվում։ Լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով Սիրիայում հայերի արտահոսք է սկսվել դեպի պատմական հայրենիք։
Սփյուռքի նախարարության տվյալներով` այսօրվա դրությամբ Հայաստանում մոտ 2 հազար սիրիահայ կա: Այդ թիվն ամեն շաբաթ փոխվում է:--0—
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:38 30.05.2014