Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Ուկրաինայի հասարակական կազմակերպություններին մտահոգում են Բաքվի` Հայաստանին ուղղված սպառնալիքները

14.02.2013, 12:15
Համաուկրաինական «Նառոդնա Ռադա» հասարակական կազմակերպությունը, որը միավորում է Ուկրաինայի 4500 հասարակական կազմակերպություններ, դիմել է ԵԱՀԿ–ին` Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությունը կանխելու ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու կոչով, հաղորդում է Analitika.at.ua–ն։
Ուկրաինայի հասարակական կազմակերպություններին մտահոգում են Բաքվի` Հայաստանին ուղղված սպառնալիքները
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Համաուկրաինական «Նառոդնա Ռադա» հասարակական կազմակերպությունը, որը միավորում է Ուկրաինայի 4500 հասարակական կազմակերպություններ, դիմել է ԵԱՀԿ–ին` Ադրբեջանի իշխանությունների հակահայկական քաղաքականությունը կանխելու ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու կոչով, հաղորդում է Analitika.at.ua–ն։

Ավելի վաղ նմանատիպ կոչով հանդես էր եկել «Քաղաքացիական միություն» միջազգային հասարակական կազմակերպությունը։

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Վերջին ժամանակներում պաշտոնական Բաքվի կողմից, Ադրբեջանի ԶԼՄ–ների և հասարակական կազմակերպությունների կողմից հաճախակի են դարձել սադրիչ արտահայտություններն ու հայտարարությունները Ստեփանակերտի միջազգային օդանավակայանի բացման և գործունեության շուրջ։ Հայտարարություններում ուղիղ ահաբեկչական սպառնալիքներ են հնչում քաղաքացիական ինքնաթիռների թռիչքներն ուժային ճանապարհով կասեցնելու մասին։ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ դա հակասում է բոլոր միջազգային իրավական մարդասիրական նորմերին»։
 
Հայտարարությունում նշվում է, որ չեն կարող մտավախություն չառաջացնել պաշտոնական Բաքվի այն անհիմն հայտարարությունները, որ Ադրբեջանի ՀՕՊ ուժերն իբր իր օդային տարածքն անօրինական մտնող քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու հրաման են ստացել։
 
«Նկատենք, որ դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միակ օդանավակայանն է, որի աշխատանքի վերսկսումն էական ազդեցություն կունենա սոցիալտնտեսական զարգացման վրա և զուտ քաղաքացիական ու մարդասիրական նպատակներ ունի, մասնավորապես, ազատ տեղաշարժման իրավունքի իրականացումը, ինչն ամրագրված է մարդու իրավունքների մասին բոլոր հիմնարար միջազգային իրավական ակտերում։ Կարծում ենք, որ քաղաքացիական օդանավակայանի շուրջ հենց այս աղմուկն ավելի է սրում առանց այն էլ տարածաշրջանի լարված մթնոլորտը և կարող է խորացնել հակամարտությունը»,– նշվում է փաստաթղթում։
 
Հայտարարության հեղինակները կոչ են արել ԵԱՀԿ–ին, ինչպես նաև միջազգային հանրությանն ուշադրություն դարձնել այդ փաստերին և կոչ անել զերծ մնալ Ադրբեջանի ղեկավարությանը տխուր և ողբերգական հետևանքների, ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու կայուն և տնտեսապես բարգավաճող տարածաշրջանի ստեղծման ջանքերի տապալումից հանգեցնող գործողություններից և արտահայտություններից։

«Բաքվի վարչակազմը ցուցադրում է պայմանագիրը պահելու իր անկարողությունն ու ագրեսիան։ Ամենաբարձր մակարդակով տարածվող հայտարարություններին զուգընթաց` նմանատիպ սպառնալիքները, թե Ադրբեջանի գլխավոր թշնամին ողջ աշխարհի հայությունն է, ակնհայտ ցույց են տալիս, որ հակահայկական հիստերիան և մարդատյացությունը վաղուց Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասն է դարձել, որը սկսվել է Սումգայիթում և Բաքվում, և դարձել է 20–րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակությունը»,– ասվում է փաստաթղթում։ -0-