Հայաստանը արտակարգ դրություն է սահմանել․ ի՞նչ է դա նշանակում ԶԼՄ-ների համար
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․ /ԱՌԿԱ/․ Երկուշաբթի ՀՀ կառավարությունը արտահերթ նիստում որոշում ընդունեց կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն սահմանել ամբողջ երկրում մարտի 16-ին, ժամը 18: 30-ից մինչև ապրիլի 14-ի ժամը 09:00-ն։
Որոշման համաձայն՝ ԶԼՄ-ների համար կսկսեն գործել հետևյալ սահմանափակումները։
Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումները Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:
Ասվում է նաև, որ հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն:
Նշվում է, որ սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:
Հայտարարության մեջ ասվում է, որ սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից:
Վերջին տվյալների համաձայն, մարտի 16-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 30 դեպք, մեկուսացվել է ավելի քան 300 մարդ:-0-