Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր համաներումը կարող է տարածվել 6500 մարդու վրա

31.10.2018, 14:53
ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր համաներման մասին օրինագիծը։
Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր համաներումը կարող է տարածվել 6500 մարդու վրա

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն չորեքշաբթի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր համաներման մասին օրինագիծը։

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագծի ընդունմանը կողմ քվեարկեց 72 պատգամավոր։

««Նուբարաշեն» ՔԿՀ–ում կա 644 դատապարտյալ և կալանավոր այն դեպքում, երբ ՔԿՀ–ում տեղերի ընդհանուր թիվը 780 է։ «Վարդաշեն» ՔԿՀ–ում կա 339 տեղ այն դեպքում, երբ դատապարտյալների թիվը 155 է։ Այս տվյալները ներկայացվում են, որպեսզի պարզ դառնա, որ համաներումն ուղղված չէ ՔԿՀ–ների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն, այն հետապնդում է բացառապես մարդասիրական նպատակներ», – օրինագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։

Զեյնալյանի խոսքով պատժի կրումից ազատվում են առնվազն երեք տարի ազատազրկման դատապարտված անձինք, այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ հետաձգվել է, և այն անձինք, որոնց պատիժը կապված չէ ազատազրկման հետ։

Օրենքի նախագծով նախատեսվում է, որ համաներումը կտարածվի նաև այն անձանց վրա, որոնք դատապարտվել են ազատազրկման առնվազն 6 տարի ժամկետով և որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են։ Համաներումը կտարածվի նաև անազատության մեջ գտնվող հղի կանանց վրա (օրենքի` ուժի մեջ մտնելու պահին), այն անձանց վրա, ովքեր հանդիսանում են երեք կամ ավել երեխաների ծնողներ կամ ունեն մինչև 3 տարեկան երեխա (օրենքի` ուժի մեջ մտնելու պահին)։

Համաներումը տարածվում է նաև 60–անց անձանց վրա, ինչպես նաև այն անձանց, ովքեր կատարել են հանցագործություն մինչև 18 տարեկանը և ազատազրկման չեն դատապարտվել կանխամտածված հանցագործություն կատարելու համար կամ կրել են պատիժ, բայց չունեն դատվածություն։

Օրինագծով նախատեսվում է չիրականացնել քրեական հետապնդում, ինչպես նաև դադարեցնել հետապնդումը կամ նախաքննությունը մինչև 2018 թ.–ի հոկտեմբերի 1–ը ներառյալ կատարված հանցագործություններով և որոնցով անձանց սպառնում է առնվազն երեք տարվա ազատազրկում։

Դա վերաբերում է նաև այն անձանց, որոնք անզգուշությամբ են հանցագործություն կատարել և որոնց սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում, ինչպես նաև այն մարդկանց, որոնք մեղադրվում կամ կասկածվում են այնպիսի հանցագործությունների կատարման մեջ, որոնք չեն նախատեսում ազատազրկում:

Համաներումը տարածվում է նաև «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների վրա, որոնք 2016 թ.-ի ամռանը գրավել են ՊՊԾ գնդի շենքը Երևանում, ինչպես նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամների վրա, որոնք դատապարտվել են 2015 թ.-ի ապրիլին զանգվածային բողոքի ակցիաներ կազմակերպելու համար`Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ։

Օրնագծով համաներումը չի տարածվում ծանր հանցագործություն կատարած անձանց վրա, որոնք զբաղվել են տրաֆիկինգով, խոչընդոտել են լրագրողների մասնագիտական գործունեությանը, դավաճանել են պետությանը, կատարել են ահաբեկչական ակտեր և դիվերսիաներ ու մի շարք այլ հանցանքներ:

ՔԿՀ-ներում գտնվող 2888 կալանավորից կազատվի 270–ը կամ մոտ 15%–ը, 396-ի համար կվերանա պատժի մնացած մասը, այսինքն ավելի քան 660 դատապարտյալ կօգտվի համաներումից։

«Համաներումը տարածվում է նաև 2720 անձանց վրա, որոնք դատապարտվել են պատժի պրոբացիոն տեսակին։ Քննչական կոմիտեում քննվող 6140 քրեական գործերից 1096–ի վրա ևս կտարածվի համաներում։ Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի 6500 մարդու վրա», – ասաց Զեյնալյանը։

Ինչ վերաբերում է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց, ապա, Զեյնալյանի խոսքով, կցուցաբերվի անհատական մոտեցում, քանի որ նախարարությունն իրավունք չունի վերանայել կայացված դատավճիռները։

«Մենք դրական եզրակացություն ենք տալիս պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար։ Վերջերս ընդունվել է աննախադեպ որոշում, և ցմահ ազատազրկված անձը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Հայաստանի համար 93 ցմահ ազատազրկվածը շատ է», – նշեց արդարադատության նախարարի պաշտոնակատարը։

Օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա նոյեմբերի 1–ին ժամը 11։00–ին։–0–