Հայաստանում ՍՇՎ–ով հոսպիտալացված է 670 հիվանդ, որոնց մոտ 96%–ը երեխաներ են. գլխավոր ինֆեկցիոնիստ
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հիվանդանոցներում այս օրերին գրիպով և ՍՇՎ-ով մոտ 670 հիվանդ կա, երկուշաբթի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը։
Ասոյանի խոսքով, հոսպիտալացվածների մոտ 96 տոկոսը մինչև 4 տարեկան երեխաներն են:
«Մեծահասակները նույնպես բավականին հաճախ են գրիպով և շնչառական այլ ինֆեկցիաներով հիվանդանում, սակայն, որպես կանոն, տանն են բուժվում և բժշկի չեն դիմում: Իսկ երեխայի հիվանդանալու դեպքում նրան անմիջապես բժշկի մոտ են տանում, հաճախ նույնիսկ ոչ թե պոլիկլինիկա, այլ անմիջապես հիվանդանոց», – նշեց բժիշկն ու հավելեց, որ սրանք սեզոնային հիվանդություններ են, որոնց տարածմանը նպաստել է նաև այն հանգամանքը, որ տոնական օրերին մարդկանց շփումն ավելացել է, և վարակը սկսել է տարածվել։
Ասոյանի խոսքով, գրիպով և ՍՇՎ-ով հիվանդացությունը վերջին շաբաթներին աճել է, սակայն համաճարակի կամ նույնիսկ բռնկման մասին խոսելու հարկ չկա։
«Այնպիսի վտանգավոր վիճակ չունենք, որ դասերի հետաձգման պահանջ լինի։ Դպրոցներում չունենք բացակայությունների այն քանակը, որ նախարարությունը հետաձգի դասերը», – ասաց Ասոյանը։
Նա նաև նշեց, որ միշտ շատ է վախեցել գրիպից, քանի որ այն կարող է սարսափելի բարդությունների հանգեցնել։
«Բայց այս տարի նման երևույթ առայժմ չունենք»,- ասաց նա` ավելացնելով, որ վերջին երեք օրերին Երևանում դիմելիությունը պակասել է, իսկ մարզերում`մի քիչ ավելացել։
ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստի տեղեկացմամբ՝ հանրապետությունում հայտնաբերվել են նաև խոզի գրիպի մի քանի ոչ բարդ դեպքեր, բայց տարածվածություն չկա։
«Այժմ երկրում հանդիպում են գրիպի Ա և Բ տեսակներ, իսկ խոզի գրիպը մտնում է Ա տեսակի մեջ», – նշեց նա։
Խոսելով այսօր hանրապետության տարածքում ձյան տեսքով տեղումներից հետո հիվանդությունների կրճատման մասին` Արա Ասոյանը մասնավորապես նշեց, որ մարդկանց շրջանում այնպիսի կարծիք կա` եթե ձյուն գա, անպայման կմաքրվի։
«Որևէ գիտական բացատրություն չկա, որ տեղումները նպաստում են հիվանդությունների նվազմանը, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիվանդությունները կրճատվում են ձյան տեսքով տեղումներից հետո», – նշեց Ասոյանը։–0–