Հայաստանը ձգտում է դառնալ տարանցիկ երկիր ավիափոխադրողների համար. էկոնոմիկայի նախարար
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ձգտում է դառնալ տարանցիկ երկիր ավիափոխադրողների համար, «Invest Armenia-2016» բիզնես ֆորումի բացման ժամանակ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
«Invest Armenia-2016» երկրորդ բիզնես ֆորումն անցկացվում է Երևանում ապրիլի 22-ին: Միջոցառման հիմնական թեմաներն են Հայաստան-Իրան, Հայաստան-ԵՏՄ համագործակցությունը, ինչպես նաև 2016-2018 թթ.-ին Հայաստանի տնտեսական զարգացման կանխատեսումները:
«Մենք ակնկալում ենք, որ հայկական շուկա դուրս կգան հեղինակավոր ավիաընկերություններ, ինչը կհանգեցնի ավիատոմսերի գների նվազման: Ընդ որում, հարկավոր է ձգտել, որպեսզի արտասահմանյան ավիաընկերությունները տեղակայվեն Երևանում, իսկ Հայաստանը դառնա տարանցիկ երկիր», - ասաց Մինասյանը:
Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանը հետևում է «բաց երկինք» քաղաքականությանը և արդեն նշանակալի առաջընթաց է գրանցել, մասնավորապես, բազմաթիվ ավիաընկերություններ ցանկություն են հայտնել դուրս գալ հայկական շուկա, իսկ որոշներն արդեն արտոնագրեր են ստացել:
«Armenia» նոր ավիաընկերությունը նախօրեին իրականացրել է իր առաջին ավիաչվերթը Երևան-Թել Ավիվ երթուղով: Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանն ավելի վաղ հայտնել էր, որ «Armenia»-ն հետագայում նախատեսում է թռիչքներ իրականացնել նաև դեպի եվրոպական քաղաքներ, այս պահին որոշ հարցեր են լուծվում:
2013 թ.-ի հոկտեմբերին Հայաստանի կառավարությունը հասստատել է «բաց երկնքի» քաղաքականությունը կամ ավիածառայությունների տրամադրման մրցակցային պայմանների ապահովման ծրագիրը: Ծրագիրը հիմնվում է «McKinsey & Company» ընկերության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ հետազոտության արդյունքների վրա: Բաց երկնքի քաղաքականության ընդունումից հետո հայկական շուկա դուրս եկան նոր ավիաընկերություններ և վերադարձան Հայաստանում մինչ այդ գործող ընկերությունները:
Մասնավորապես, 2015 թ.-ի վերջի տվյալներով, Հայաստան ավիափոխադրումներ են իրականացնում Aegean Airways, Georgian Airways, Iraqi Airways, Al Naser, Mahan Air, Middle East airways, S7 Airlines, Czech, LOT ընկերությունները: Երևան–Դոհա-Երևան ուղիղ չվերթեր իրականացնելու հետաքրքրություն է հայտնել Qatar Airways ավիաընկերությունը: -0-