Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. հունիսի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+26

Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ՌԴ ԱԻՆ օդանավով

29.06.2016, 17:23
Հայաստանը Վրաստանի տարածքով Ռուսաստանին կապող «Վերին Լարսի»  հսկիչ անցակետում գտնվող Հայաստանի քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ՌԴ ԱԻՆ օդանավով։
Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ՌԴ ԱԻՆ օդանավով

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը Վրաստանի տարածքով Ռուսաստանին կապող «Վերին Լարսի»  հսկիչ անցակետում գտնվող Հայաստանի քաղաքացիները Հայաստան կտեղափոխվեն ՌԴ ԱԻՆ օդանավով, հաղորդում է ՀՀ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:

Ինչպես տեղեկացրել են գերատեսչությունից, հունիսի 29-ի դրությամբ Լարսի անցակետ տանող փլուզված ճանապարհին իրավիճակը մնում է անփոփոխ, վթարա-վերականգնողական աշխատանքները շարունակվում են, ստեղծվել է 2 վրանային ավան` նախատեսված 70 մարդու համար:

«Վրաններում, ինչպես հայտնում են Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ները, մարդկանց տրամադրվում է տաք սնունդ և գիշերակացի հնարավորություն: Աշխատանքներ են տարվում ՌԴ սահմանային անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին ՌԴ ԱԻՆ օդանավով Հայաստան տեղափոխելու ուղղությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նախատեսվում է, որ ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչի ուղեկցությամբ այսօր Վլադիկավկազի օդանավակայանում վայրէջք կկատարի ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը, որով նախատեսվում է Հայաստան տեղափոխել Հայաստանի 156 քաղաքացու:

Ընդ որում, ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ-ից իրավիճակի պարզաբանման և իրադարձությունների զարգացման վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով պարբերաբար կապ է հաստատվում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի, ՌԴ ԱԻՆ–ի և Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ների հետ:

Ձեռնարկվող միջոցառումների գործընթացն ամբողջությամբ գտնվում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում:

Հունիսի 28-ի տվյալներով, ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Հյուսիսային Օսիայում առկա են տրանսպորտային միջոցների և մարդկանց կուտակումներ՝ մոտ 200 բեռնատար, 40 մարդատար ավտոմեքենա` 77 ուղևորով (10 երեխա) և 2 ավտոբուս՝ 88 ուղևորով: Ուղևորների մեջ կան նաև հղի կանայք, ովքեր չունեն միջոցներ` այլընտրանքային ճանապարհով (նավով կամ օդանավով) Հայաստան ուղևորվելու համար: Ընդհանուր առմամբ, անցակետում գտնվում է Հայաստանի 230 քաղաքացի։

Այս պահին, անցակետում տարվում են քարահավաքման և ճանապարհամաքրման աշխատանքներ: Դեպքի վայրում աշխատում են էքսկավատորների միանգամից մի քանի բրիգադներ: -0-