Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 17, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանում մահացած 5 ամսական երեխայի խնողները հանդիպել են առողջապահության փոխնախարարի հետ

14.06.2018, 10:42
Հունիսի 7-ին Երևանում մահացած 5 ամսական երեխայի ծնողները հանդիպել են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ։
Երևանում մահացած 5 ամսական երեխայի խնողները հանդիպել են առողջապահության փոխնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. Հունիսի 7-ին Երևանում մահացած 5 ամսական երեխայի ծնողները հանդիպել են առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի հետ և ներկայացրել իրենց դժգոհությունները, հաղորդում է ԱՆ մամուլի ծառայությունը։

Փոխնախարարը, առողջապահության նախարարության և նախարարի անունից խորին ցավակցություն հայտնելով, համապատասխան ծառայություններին հանձնարարել է իրենց լիազորությունների շրջանակներում ուսումնասիրել բժշկական հաստատություններում երեխայի վարման հետ կապված հարցերը՝ ներառյալ հղիության և ծննդաբերության ընթացքը և հետագա բժշկական հսկողությունը:

Միաժամանակ, ծնողներին փաստվել է, որ, համաձայն գործող օրենսդրության, իրավապահ մարմինների կողմից ընթանում է նախաքննություն, իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, որոնց արդյունքները չափազանց կարևոր են երեխայի մահվան հետ կապված բոլոր հանգամանքները և պատճառահետևանքային կապերը բացահայտելու,  իրականացված բուժօգնության լիարժեքությունը գնահատելու համար: 

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին «Արաբկիր» ԲՀ-ի վերակենդանացման բաժանմունքում 5 ամսական երեխա է մահացել։ Երեխան հունիսի 5-ին Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» պոլիկլինիկայում ստացել է հերթական պլանային պատվաստումների երկրորդ դեղաչափը: Պատվաստումից հետո, ինչպես նախորդ պատվաստումների դեպքում, երեխայի մոտ անհանգստացնող հետպատվաստումային երևույթներ չեն դիտվել:

Հունիսի 7-ին երեխայի մոտ նկատվել է անհանգստություն, ծնողները դիմել են «Հերացի» պոլիկլինիկա, որտեղ ախտորոշվել է ականջի բորբոքում, նշանակվել է բուժում և հրավիրվել է պոլիկլինիկա՝ 1 օր հետո: Սակայն երեխայի անհանգիստ վիճակը շարունակվել է, որի կապակցությամբ ծնողները դիմել են «Արաբկիր» ԲՀ, որտեղ և երեխան մահացել է: Երեխայի նախնական կլինիկական ախտորոշումն է «Ագոնալ վիճակ, սուր սիրտ-անոթային անբավարարություն, սուր միոկարդիտ, շնչական անբավարարություն II°-III°», իսկ ըստ մահվան փաստը վկայող բժշկական փաստաթղթի՝ նաև «սրտի զարգացման բնածին արատ»։

Երեխայի մահվան պատճառների պարզաբանման նպատակով փորձագիտական հանձնաժողովի կողմից իրականացվում են բժշկական փաստաթղթերի ուսումնասիրություն, իսկ մասնագիտական կառույցի կողմից՝ համապատասխան դատաբժշկական հետազոտություններ։–0–