Երեխայի խնամք առաջարկող ընկերությունները տնտեսական օգուտներ են արձանագրում. IFC
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Իրենց աշխատակիցներին երեխաների խնամքի ծառայություններ առաջարկող ընկերություններն ամբողջ աշխարհում փաստում են, որ այդ արտոնությունը նշանակալի դրական ազդեցություն ունի իրենց բիզնեսի, կադրերի ներգրավման և պահպանման, ինչպես նաև աշխատողների արդյունավետության վրա, նշվում է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից այսօր հրապարակված զեկույցում։
Զեկույցը, որը վերնագրված է «Երեխայի խնամքի խնդրի լուծում/կարևորում. գործատուի աջակցությամբ երեխայի խնամքի խնդրի լուծման բիզնեսի առումով շահավետ մոտեցումներ» երևան է գալիս այնպիսի ժամանակներում, երբ գլոբալ քաղաքականության որոշում կայացնողներն աստիճանաբար ավելի են կարևորում երեխայի խնամքի խնդրի ազդեցությունը բիզնեսի և զարգացման վրա։
Վերջերս Համաշխարհային բանկի խմբի ընկերությունների մեկի՝ «Women, Business and the Law»-ի («Կանայք, բիզնես և իրավունք») կողմից ուսումնասիրված 50 տնտեսություններից 11-ում գործատուներից օրենսդրությամբ պահանջվում է աջակցել կամ առաջարկել երեխայի խնամքի ծառայություններ։ Անգամ առանց օրենսդրական պահանջներին ենթարկվելու անհրաժեշտության շատ գործատուներ մտադիր են տրամադրել երեխայի խնամքի ծառայություններ և բիզնեսի տեսանկյունից լավագույն արդյունքների հասնել։
Երեխայի խնամքի ծառայություններ պահանջող օրենսդրություն ընդունած երկրներն են Բրազիլիան, Չիլին, Էդվադորը, Հնդկաստանը, Իրաքը, Ճապոնիան, Հորդանանը, Նիդերլանդները, Թուրքիան, Ուկրաինան և Վիետնամը։
«Առանց կանանց և տղամարդկանց լիարժեք և հավասար մասնակցության, ոչ մի երկիր, համայնք կամ տնտեսություն չի կարող բացահայտել իր ներուժը կամ դիմագրավել 21-րդ դարի մարտահրավերներին», - նշել է IFC-ի ֆինանսական և համագործակցության հարցերով փոխնախագահ Նենա Ստոիլկովիչը։
Նրա խոսքով, երեխայի խնամքի խնդրին աջակցելը լուծման մի մասն է։
«Ու չնայած, որ բազմաթիվ ընկերություններ ցանկանում են աջակցել իրենց աշխատակիցներին՝ երեխայի խնամքի հետ կապված հարցերում, հաճախ չունեն բավարար տեղեկություններ, հասկանալու համար, թե ինչ կարող են անել և շահել արդյունքում։ IFC-ի «Երեխայի խնամքի խնդրի լուծում» զեկույցը գալիս է այդ բացը լրացնելու», – ասել է Ստոիլկովիչը։
Զեկույցը հիմնված է աշխարհի 10 ընկերությունների դեպքերի ուսումնասիրության վրա, որոնք առաջարկում են երեխայի խնամքի ծառայությունների տարբերակներ` սկսած աշխատավայրում երեխայի խնամքի կազմակերպումից մինչև աշխատակիցներին խնամքի նպաստի տրամադրում։
Զեկույցում նշված ընկերությունների թվում են թարմ սննդամթերք արտադրող հարավաֆրիկյան Afrifresh-ը, համակարգչային ծրագրեր արտադրող ամերիկյան Akamai-ը, ծանր արդյունաբերական թուրքական Borusan-ը, ֆինանսական ծառայություններ տրամադրող ճապոնական The Bank of Tokyo-Mitsubishi UFJ-ը, ավտոմեքենաների պահեստամասեր արտադրող թուրքական Martur-ը, հագուստ արտադրող հորդանանյան MAS Kreeda Al Safi-Madaba-ը, ՏՏ ծառայություններ տրամադրող հնդկական Mindtree-ն, հրուշակեղեն արտադրող բրազիլական Pandurata Alimentos Ltda.-ը (Bauducco), հեռահաղորդակցության ծառայություններ տրամադրող քենիական Safaricom-ը, ինչպես նաև առողջապահական ծառայություններ տրամադրող գերմանական Schoen Klinik-ը։
«Դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն գործատուները, ովքեր երեխայի խնամքի ծառայություն են առաջարկել, պարզել են, որ դա հանգեցրել է կադրերի հոսունության զգալի կրճատման, բարելավել աշխատանքի համար դիմողների որակական հատկանիշները և տվյալ թափուր աշխատատեղի համալրման արագությունը, ավելացրել արդյունավետությունը՝ շնորհիվ ավելի քիչ բացակայությունների, ավելի մեծ կենտրոնացման, մեծացրել մոտիվացիան և նվիրվածությունը, բարելավել գենդերային բազմազանությանը և կանանց՝ ղեկավար պաշտոնի առաջխաղացման հնարավորությունները», – նշվում է զեկույցում։
Երեխային ավելի լավ և հասանելի խնամքը որպես տնտեսական աճի կարևոր խթան, գնալով ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում։ Երբ աշխատող մայրերն ու հայրերը հավասարապես ներգրավված են աշխատաշուկայում, նրանք իրենց ընտանիքի եկամուտները մեծացնելու ավելի մեծ հնարավորություն ունեն և ավելի մեծ ազդեցություն՝ ընկերությունների և տնտեսությունների աճի վրա։
«Ընդհանուր առմամբ, վաղ հասակից կրթության և խնամքի հնարավորություն ունեցող երեխաներն ավելի առողջ են, ավելի լավ արդյունքներ են գրանցում դպրոցում և մեծ տարիքում ավելի մեծ ձեռքբերումներ ունենում», – նշվում է փաստաթղթում։
Զեկույցի պատրաստման համար IFC-ն մեծապես հենվել է իր ռազմավարական գործընկերների աջակցության վրա, որոնց թվում են Care.com-ը, Կանանց վերաբերյալ քաղաքականության ուսումնասիրության ինստիտուտը (Institute for Women’s Policy Research), Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (International Labour Organization), ՄԱԿ-ի Գլոբալ կոմպակտը (UN Global Compact), ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպությունը (UN Women), ինչպես նաև IFC-ի «Tackling Childcare Partnership« զեկույցում ներգրավված գործընկերության անդամ ընկերությունները։
Մասնավոր հատվածը, որն ապահովում է զարգացող երկրների աշխատաշուկայի 90% աշխատատեղերը, ավելի ու ավելի շատ աշխատատեղերի ստեղծման շարժիչ ուժն է։
«Երեխայի խնամքի խնդրի լուծում» զեկույցը IFC-ի առավել համապարփակ ջանքերի մեկ մասն է միայն, որն ուղղված է ոչ միայն զբաղվածության դաշտում գենդերային հիմնահարցերի լուծմանը, այլև պետական և մասնավոր հատվածների առավել արդյունավետ համագործակցության եղանակների բացահայտմանը՝ հանուն երեխայի խնամքի կազմակերպման շուկայի ստեղծման։
Միջազգային ֆինանսական կորպորացիայի (FC) մասին Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է զարգացող երկրների մասնավոր հատվածին:
Աշխատելով ավելի քան 2,000 բիզնեսների հետ աշխարհի տարբեր երկրներում` IFC-ն օգտագործում է կապիտալը, փորձառությունը և ազդեցությունը` աշխարհի զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար։
2017 թվականի ֆինանսական տարում մասնավոր հատվածի օժանդակությամբ նպաստելով ծայրահեղ աղքատության վերացմանը և համընդհանուր բարեկեցության բարձրացմանը` IFC-ի երկարաժամկետ ներդրումները զարգացող երկրներում հասել են շուրջ 19.3 միլիարդ ԱՄՆ դոլարի: –0–