Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

«Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետբյուջե 360 մլն դրամ պակաս է վճարել

22.06.2018, 17:15
«Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ:
«Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետբյուջե 360 մլն դրամ պակաս է վճարել

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած գործողությունների շրջանակում պարզվել է, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունն իր արտադրանքը հիմնականում իրացրել է փոխկապակցված ընկերություններին` կիրառելով ոչ շուկայական գներ:

Ինչպես հայտնում է ՊԵԿ–ի մամուլի ծառայությունը, բացի այդ, ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունից ստացված հաղորդման համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը ծառայություններ է ձեռք բերել շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերերից: Մինչդեռ նախնական ուսումնասիրությունը կասկած է հարուցում, որ ծառայություններն իրականում չեն մատուցվել, սակայն նվազեցվել են համախառն եկամտից:

«Ընդհանուր առմամբ, «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե պակաս է վճարել շուրջ 360 մլն դրամ, որից մոտ 210 միլիոն դրամ` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն` շահութահարկ», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Հարկային պարտավորությունների նախնական հաշվարկի համաձայն` «Գյումրի-Գարեջուր» ՍՊ ընկերության կողմից չհաշվարկված հարկի գումարը գերազանցում է նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկի չափը: «Ուստի, ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննություն բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով` առանձնապես խոշոր չափի հարկը չվճարելու նպատակով օրենքով սահմանված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ: Հետաքննության բաժնի և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ, կրիչներ և հաշվապահական այլ փաստաթղթեր: Հետաքննությունը շարունակվում է», – նշվում է հաղորդագրությունում:–0–