Ռուսական կողմը ներկայացրել է Վերին Լարսի անցակետի խոշոր կուտակումների հիմնական պատճառները

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում խորհրդակցություն է անցկացրել ռուս գործընկերների հետ:
Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանն ու Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուկչյանը տեղեկացրել է, որ Լարսում կրկին խնդիրներ կան, թե՛ ռուսական հատվածում, թե՛ վրացական: «Ռուսական կողմից հերթի երկարությունը 9-10 կմ է (որից 5 կմ բեռնատար), իսկ վրացական մասից մոտ 200 բեռնատար (քանիսն են հայկական քիչ ուշ կասեմ) այժմ աշխատանքներ ենք տանում խնդիրն արագ կարգավորելու: Ռուսական կողմը յոթ գիծ թողունակություն է ապահովում», – նշել էր նա Facebook–յան իր էջում
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը և խոշոր կուտակումների հիմնական պատճառները:
Ինչպես հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը, ռուս գործընկերները ներկայացրել են որոշակի վիճակագրական տվյալներ: Նրանք
նշել են, որ, ի տարբերություն 2017 թվականի տվյալների, 50 տոկոսով աճել է մարդատար մեքենաների, զբոսաշրջիկների՝ անցակետից օգտվելը: Ըստ կանխատեսումների՝ առաջիկայում այդ աճը կշարունակվի:
Լարսի անցակետը, համաձայն կանոնակարգի, ունի նախագծային անձնագիր, ըստ որի՝ այն օրական պետք է սպասարկի առավելագույնը 170 բեռնատար ավտոմեքենա, 3000 ֆիզիկական անձի, սակայն օգոստոսի 5-ի դրությամբ փաստացի սպասարկվել է 500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացի:
Ռուս գործընկերների փոխանցմամբ՝ քանի որ անցակետում առաջնահերթությունը տրվում է մարդատար ավտոմեքենաներին, հետևաբար, ուղղակի փոխկապակցված ձևով, բեռնատար մեքենաների թողունակությունը նվազել է: Երբ լինում են մարդատար տրանսպորտային միջոցների կուտակումներ, Լարսի անցակետի սպասարկող բոլոր ուղիները տեղափոխվում են սպասարկելու մարդատար մեքենաներին:
Ռուսական կողմը տեղեկացրել է նաև, որ շուրջ 2 շաբաթ առաջ անցակետում տեղի է ունեցել Մոսկվայից ժամանած մի խումբ պաշտոնյաների խորհրդակցություն:
Ռուսական կողմը, ևս մտահոգ լինելով առաջացած կուտակումներով և քաղաքացիներին պատճառվող անհանգստությամբ, որոշում է կայացրել, որպեսզի շահագրգիռ բոլոր գերատեսչությունները շատ կարճ ժամկետներում ներկայացնեն առաջարկություններ, որոնցով հնարավոր կլինի բարձրացնել թողունակությունը՝
հաշվի առնելով նաև անցակետի աշխարհագրական բարդ դիրքը: Նրանց համոզմամբ՝ պետք է արդիականացվեն որոշ կանոնակարգեր և տրվեն ինժեներական լուծումներ:
«Հայաստանի իշխանությունները, օգտագործելով երկու երկրների միջև գործող հարաբերությունները, կփորձեն պարզել, թե ռուս գործընկերները ինչ հեռանկարանային լուծումներն են նախատեսում իրականացնել: Նշենք, որ ռուսական օրենսդրությամբ անցակետում արգելվում է վիդեո և ֆոտո նկարահանումները, ուստի հրապարակված լուսանկարում ներկայացված է ընդլայնված խորհրդակցության փոքր հատվածը: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել բոլոր այն ծառայությունների ներկայացուցիչները, ովքեր պատասխանատու են անցակետում համապատասխան գործողությունների իրականացման համար», – նշվում է տարածած հաղորդագրությունում:–0–