Ադրբեջանի հատուկ ծառայությունները հաքերային հարձակման են ենթարկել Արցախի մի շարք քաղաքացիների օգտահաշիվներ
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով ԱՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և սոցիալական ցանցերում մշտադիտարկման աշխատանքների ընթացքում ի հայտ է բերել, որ վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայություններն, օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, հաքերային հարձակման են ենթարկել հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվներ՝ հրապարակելով դրանցում առկա լուսանկարներ և անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերից օգտվող քաղաքացիներին հորդորում է ավելի ուշադիր և զգոն լինել, զերծ մնալ սոցիալական ցանցերում և նամակագրության ժամանակ անձնական տվյալների, հատկապես զինվորական ծառայության և ծառայության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից»,- նշվում է հայտարարության մեջ: -0-